2020թ․ պատերազմը շարունակվում է, և վերջը չի երևում․ Ստեփան Դանիելյան
2023թ․ լի էր տարբեր իրադարձություններով, բայց միևնույն է` ամենաողբերգականը արցախցիների բռնի տեղահանումն էր։ MediaHub-ը տարին ամփոփեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, ով նշեց՝ սա հերթական ողբերգության տարի էր 2020 թվականից սկսած։
«Ի՞նչ է նշանակում տարին ամփոփել։ Տարին ողբերգական է եղել, Արցախը հայաթափվել է, և մնացած բոլոր իրադարձություններն արդեն կորցնում են իրենց իմաստը։ Պետք է ֆիքսել, որ 2020թ․ պատերազմը շարունակվում է, չնայած շատերը չեն գիտակցում, որ պատերազմը չի վերջացել։ Այն փուլ առ փուլ ինչ-որ սառեցման փուլում է հայտնվում և նորից տաքանում է։ Այս պատերազմի վերջը չի երևում, անհասկանալի տրամաբանությամբ քաղաքականություն է վարում գործող կառավարությունը, իսկ վտանգները կուտակված են Հայաստանի գլխավերևում ու այս ամենը կշարունակվի 2024թ․»,- ասաց Դանիելյանը։
Ըստ նրա՝ բացի այն, որ կարող ենք վստահ լինել, որ այս իրավիճակը շարունակվելու է 2024թ-ին, գուցե նոր ողբերգություններ էլ լինեն, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը նույնիսկ այսպես կոչված «խաղաղության պայմանագրում», որը, ըստ Դանիելյանի, պատերազմի պայմանագիր է։
«Ադրբեջանը փորձում է պայմանագրի տեսքով ֆիքսել մեր վերջնական հրաժարումը Արցախից, արցախցիների իրավունքներից և չճանաչումը ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց քաղաքագետը։
Հստակեցմանը՝ այսինքն նոր տարում սպասենք նոր մարտահրավերների, Դանիելյանն ասաց, որ չի կարող ասել 2024 թվականին բախումներ կլինեն, թե ոչ, բայց ըստ նրա, մոտ ապագայում դրանք լինելու են:
«Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ ինքը ունի հավակնություն։ Իսկ թե այդ հավակնությունները կլինեն բախման տեսքով, թե այնպես, ինչպես եղել է, այսինքն Հայաստանն ուղղակի առանց ռազմական գործողությունների կհանձնի տարածքները, այս պահին չենք կարող ասել»,- ասաց Դանիելյանը։
Ամփոփելով՝ Ստեփան Դանիելյանը կրկնեց, որ 2024-ին ամեն ինչ հնարավոր է, իսկ «խաղաղության պայմանագիրը» ուղղակի «ապագա պատերազմի պայմանագիր է»։
«Հայաստանի կառավարության կարծիքը արտաքին խաղացողներից ոչ մեկին չի հետաքրքրում, քանզի սա հեղինակազրկված իշխանություն է...»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։
Մարիաննա Արամյան