ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ ԿԱ․ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ
«Անկախության հռչակագիրը պատմական, հիմնաստեղծ, պետականաստեղծ փաստաթուղթ է: Ինչ վերաբերում է սիմվոլներին, դրանք մենք ընդունել ենք որպես Առաջին Հանրապետության շարունակություն: Դրա համար ենք ընդունել, ձեզ թվում է՝ մենք չգիտե՞նք, որ մեր եռագույնինը ամենաներդաշնակ գույները չեն: Կամ` հիմնը ամենաոգևորողը չի, զինանշանն էլ գեղարվեստական առումով ամենաիդեալականը չի: Կապ չուներ դա: Մեզ առաջնորդել է սա` անկախությունը պիտի լինի շարունակական»: Այս մասին «Հանուն Սահմանադրության» շարժման հանրային քննարկման ժամանակ իր ելույթում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Պատմությունը չպիտի լինի դիսկրետ, պատմությունը պիտի լինի շարունակական։ Այն, ինչ այսօր կատարվում է, հստակ ծրագիր է՝ վայրագություն սեփական պետության, ժողովրդի սրբությունների նկատմամբ, ժողովրդի կամքի ոչնչացում: Կազուսի առաջ ենք կանգնած։ Ժողովուրդ, որը քվեարկել է նրա օգտին, ու չի ուզում թքածը լիզի, մնացածը սսկվել է, և այդ սսկվելու պրոցեսը ղեկավարում է մտավորականությունը: ՀՀ մտավորականությունն այսօր ոչինչ չի անում որպես մտավորականություն: Մենք կանգնած ենք կործանման եզրին, Սահմանադրությունը կարող է լուծվել, իսկ Հանրապետությունը կարող է ուղղակի լուծարվել, ոնց որ Ղարաբաղը սուսուփուս լուծարեցին, ուր է այդ մտավորականը»,- ասել է Մանուկյանը։