ԵՎՐՈՊԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՏՎԵԼ Է 300 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ, ՄԵԶ՝ 10 ՄԻԼԻՈՆ
Մյունխենյան համաժողովի եւ հանդիպումների մասին զրուցել ենք քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ։
- Ինչպե՞ս կգնահատեք մյունխենյան անվտանգության համաժողովին Փաշինյանի մասնակցությունը։
- Այդ կոնֆերանսը հերթական պարտությունն էր դիվանագիտության համար, մենք դարձյալ ոչ մի բան չստացանք։ Այսպես կոչված, միջազգային հանրությունը լուռ նայեց, թե ինչպես հայաթափվեց Արցախը, որը 33 տարի պայքարում էր իր իրավունքների համար, ազգային ինքնորոշման համար։ Ոչ ոք չնկատեց այդ հայաթափումը, որեւէ հետեւանքներ Ալիեւի համար չեղան, եվրոպական որեւէ կառավարություն պաշտոնապես չընդունեց, որ եղել է էթնիկ զտում, որեւէ երաշխիք Հայաստանի անվտանգության համար չտրվեց, Ադրբեջանի զորքը շարունակում է մեր տարածքում լինել, շարունակում են քննարկել Ալիեւի հետագա պահանջները՝ մեր սահմանադրության փոփոխումը, Զանգեզուրը, անկլավները եւ այլն։ Ինչպես Խրիմյան հայրիկը 150 տարի առաջ Բեռլին գնաց դատարկ ձեռքերով, մենք էլ Մյունխեն գնացինք նույն դատարկ ձեռքերով։
- Բլինքենը հայտարարեց, որ Հայաստանն ԱՄՆ-ի համար արժեքավոր գործընկեր է, Միրզոյանը գրում է, որ զարգացնելու են ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ։ Սա տեղավորվում է այս իշխանությունների հակառուսականությա՞ն մեջ։
- Եթե Միացյալ Նահանգներն իսկապես համարեին, որ մենք իրենց համար ռազմավարական գործընկեր ենք, նախ 2020-ին կկանգնեցնեին պատերազմը, երկրորդը՝ կդատապարտեին Թուրքիային՝ վարձկաններ բերելու եւ ֆոսֆորային զենք օգտագործելու համար, երրորդը՝ մեզ կտային անվտանգության ինչ-որ երաշխիքներ, ճնշում կգործադրեին Ադրբեջան-Թուրքիայի վրա։ Չորրորդը․ սանկցիաներ կընդունեին, որպեսզի պատժեին Ալիեւին, հինգերորդը՝ կճանաչեին, որ եղել է էթնիկ զտում Արցախում։ Եվ ինչ որ Կոսովոյում էին արել, նույնը կարող էին Արցախի հայերի նկատմամբ անել։ Վեցերորդ․ կստորագրեին ինչ-որ պայմանագիր Հայաստանի հետ, ինչպես ստորագրել են Ուկրաինայի հետ։ Յոթերորդ՝ մեզ կտային ռեալ ֆինանսական կամ ռազմական աջակցություն․ Ուկրաինային տրվել է 300 միլիարդ դոլար, մեզ՝ 10 միլիոն, 30 հազար անգամ քիչ։ Ութերորդ․ մեզ կտային ինչ-որ ռեալ զինատեսակներ։ Միացյալ Նահանգները Թուրքիային համարում է Միջին Արեւելքում ամենակարեւոր դաշնակիցը, իսկ Ադրբեջանին՝ Կովկասում իր ամենակարեւոր դաշնակիցը, իսկ այս դատարկ, քաղցր բառերով հայերին կերակրում են վերջին 150 տարվա ընթացքում։ Մեր ազգը չի ուզում դա հասկանալ, եւ մեր մեջ մենք հանդուրժում ենք արտաքին ազդեցության գործակալներին, ովքեր անընդհատ մեզ խաբում են։
- Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումը, ըստ Ձեզ, ի՞նչ իմաստ ուներ։
- Առաջին անգամը չէ, որ մեր ղեկավարությունը հանդիպում է Անգլիայի հետախուզական գործակալության պետին։ Դուք քանի՞ երկիր գիտեք, որտեղ երկրի ղեկավարները հանդիպում են մի ուրիշ երկրի հետախուզական գործակալության պետի հետ։ Պարզ է, որ նրանք ստանում են տեղեկություններ, եւ իրենց ասում են, թե ինչ անեն։ Նրանք ստանում են ինստրուկցիաներ՝ Անգլիայից, Թուրքիայից, Միացյալ Նահանգներից, թե ինչ անեն, եւ հանձնարարությունը պարզ է՝ հանձնել Արցախը, Ռուսաստանին դուրս հանել Հայաստանից, հակառուսական այս մոլեռանդ քարոզչությունը շարունակել, ամեն ինչում զիջել Ադրբեջանին եւ Թուրքիային, ընկնել Թուրքիայի ոտքի տակ՝ դառնալ ոտքի տակի փալաս եւ դրա դիմաց ստանալ արեւմտյան քաղցր կյանքի խոստումներ, առեւտուր, փող, այս կառավարության անդամների համար ինչ-որ ապագա ապաստան Արեւմուտքում։ Էլ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել, եթե ոչ այսպես։
- Մինչ այժմ Ալիեւը մերժում էր արեւմտյան հարթակները։ Ստացվում է, որ Արեւմուտքը կարողացա՞վ Ալիեւին համոզել։
- Եթե Եվրոպան մեզ եւ մեր ժողովրդի շահերը լուրջ ընդուներ, առաջինը կդատապարտեր հայերի տեղահանումը եւ կստիպեր, որ նրանք վերադառնան։ Երկրորդը. սանկցիաներ կկիրառեր Ադրբեջանի դեմ, ինչպես Ռուսաստանի դեմ է կիրառում։ Երրորդը․ նավթ ու գազ չէր առնի Ադրբեջանից, որպեսզի այդ 16 միլիոն եվրոն ամեն տարի չգնար Ադրբեջանին՝ Իսրայելից եւ Թուրքիայից զենք առնելու համար։ Նրանք մեզ վերաբերվում են երրորդ կարգի, ինչպես ժողովուրդն է ասում՝ որպես «ճ» կլասի ինչ-որ ժողովրդի՝ իմանալով, որ հայերը միշտ վճարելու են, որ միշտ զոհի դերում են լինելու։ Իրենք մեզ գեղեցիկ խոստումներ կտան, հետո կգցեն, ինչպես հարյուր տարի առաջ գցեցին։ Մենք հեռացանք մեր իսկական դաշնակիցներից՝ Ռուսաստանից եւ Իրանից, զիջեցինք մեր հայրենիքը, մեր 120 հազար հայրենակիցներին հանձնեցինք եւ ոչինչ չստացանք, բացարձակ ոչինչ՝ ոչ մի երաշխիք, ոչ մի պայմանագիր․ անգամ Հայաստանի տարածքից դուրս չեն գալիս, եւ իրենց ախորժակը գնալով աճում է։ Ալիեւը գիտի, որ Եվրոպան ոչինչ էլ չի անի, որ Եվրոպան դատարկ բառեր է մեզ մատուցում, եւ նա ուժի դիրքից է խոսելու բոլորի հետ՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Եվրոպայի։
- Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ի՞նչ է նշանակում սա։
- Ինչ վերաբերում է իր հերթական հիմար հայտարարությանը, մենք չպիտի զարմանանք, որ Ռուսաստանը մեզ լքեց, քանի որ մենք ամեն ինչ արեցինք, որ Ռուսաստանը մեզ չտեսնի որպես դաշնակից։ Դաշնակիցները չեն լինում՝ երբ հարմար է, դաշնակից ես, երբ հարմար չէ, դաշնակից չես։ Դաշնակիցը պետք է միշտ դաշնակից լինի։ Ռուսաստանի պատասխանն էլ հետեւյալն էր՝ դե մենք էլ Ադրբեջանի եւ Թուրքայի հարցում ձեր դաշնակիցը չենք։ Մենք արդեն այդ պատասխանն էլ ստացանք։ Այս մարդիկ կարծում են, որ քուչի կամ բեսեդկայի խոսակցությունը եւ իրենց գեղցի խորամանկությունները միջազգային հարթակներում աշխատում են։ Դա չի աշխատում, պետություն ղեկավարելն ու քուչի խոսակցությունները տարբեր բաներ են։