top of page

Ի՞ՆՉ ԱՆԵՄ`ԳՆԱՄ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ՎԱՃԱՌՈ՞Ղ ԱՇԽԱՏԵՄ, ՈՐ ԼԱՎ ԼԻՆԻ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 12, 2024
  • 2 min read

Երեկ տեղեկացանք, որ Արցախի կրթության նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը ԿԳՄՍ նախարարի հրամանով նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն: Ղարախանյանին այդ պաշտոնում նշանակելու հանգամանքը համացանցում աղմուկ բարձրացրեց, քանի որ նախ` թանգարանի նախկին տնօրենի` Անի Եղիազարյանի ազատմանն էին դեմ մարդիկ եւ վերջինս դիմել է դատարան` վերականգնվելու համար: Ինչ վերաբերում է Ղարախանյանին, ապա նա ժամանակին քննադատել է իշխանությունների կողմից իրականացվող որոշ գործողություններ և ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները արցախցու նշանակելով այս վիճահարույց պաշտոնին, նաեւ շահարկում են Արցախի հանգամանքը եւ փորձում են կոտրել թանգարանի կոլեկտիվի դիմադրությունը: Կարծիք կա, որ արցախցի Լուսինե Ղարախանյանը չպետք է Հայաստանի իշխանություններից վերցներ այդ պաշտոնը:

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Պարսամյանն իր էջում գրառում էր արել, թե Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար, «Արցախադրուժ մեծապատիվ մուրացկան Լուսինե Ղարախանյանը հրահանգել է հեռացնել Թումանյանի հետևյալ 2 քառյակները.

***

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,

Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

***

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։ 

Բնականաբար` Պարսամյանը հումոր է արել, բայց հեգնանքի ենթատեքստով: 

Լուսինե Ղարախանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Պարսամյանի գրառումն ուղղակի անհեթեթություն է: Նրա կարծիքով` չի կարելի մարդկանց հասցեին չարախոսել այն բանի համար, որ պետական համակարգում աշխատանքի է անցել.

«Ես այդ մարդուն չգիտեմ ուղղակի` ինչ ասեմ: Ես ո՞վ եմ, որ Թումանյանի գրերն ինչ-որ տեղից հանեմ: Առհասարակ կա՞ այդպիսի մեկը, ով կարող է Թումանյանի գործերը հանել: Ուղղակի անհարմար է, որ ֆեյսբուքն օգտագործում են նաև նման չար, նենգ նպատակների համար, չի կարելի պարզապես: Ինձ որոշ անառողջ մտքեր ունեցող մարդիկ երեկվանից թիրախավորել են: Թումանյանի թանգարանը մշակութային, կրթական միջավայր է և շատ ամոթ է, որ հայ ազգի մեջ կան նաև այսպիսի մտածողներ: Մենք այս օրին ենք հասել նաև այս չարության պատճառով: Այսինքն` եթե մարդը պետական աշխատանքի է անցնում, սկսում է ամեն տեղից հարվածներ ստանալ, պարզապես շատ ամոթալի է: Մեր պարտության պատճառները պետք է նաև այդտեղ փնտրել: Հասցնում են նրան, որ սկսեմ լուրջ այս հերյուրանքներով զբաղվեմ: Պարսամյանն Արցախում պարուսույց էր, նա ունի՞ հիմնավոր տեղեկություններ, որ նման բան եմ արել: Անգամ մեկ վայրկյան չկասկածեք, որ ես նման բան կարող էի անել», - ասում է Ղարախանյանը: 

Մարդիկ ակնարկում են, որ այս իշխանություններից պաշտոն վերցնելով, դառնում եք այդ իշխանության մաս, դա կարող է Ձեզ կաղապարել, նկատեցինք մենք. «Ինչո՞ւ են մարդիկ ամեն ինչի մեջ քաղաքական տարրեր փնտրում: Սա մի աշխատանք է, որը ես մեծ սիրով եմ անում: Ի՞նչ կա այդտեղ, հանցանք կա՞ այդտեղ: Ինձ համար Թումանյան քարոզելը մեծ պատիվ է այս ծանր օրերին: Ինչո՞ւ պետք է այն ինձ կաղապարի: Ի՞նչ անեմ` գնամ սուպերմարկետում վաճառո՞ղ աշխատեմ, որ լավ լինի, ի՞նչ անեմ, սա իմ ոլորտն է, եթե, օրինակ, լինեի սպասարկման ոլորտի աշխատող, սիրով այդ ոլորտում կանցնեի աշխատանքի, բայց ես կրթության մասնագետ եմ, այն իմ դավանանքն է և ես դրանով եմ զբաղվելու: Կոլեկտիվն ինձ շատ լավ է ընդունել, շատ պրոֆեսիոնալ մարդիկ  են այնտեղ» - նշեց Ղարախանյանը:


bottom of page