Կա՛մ մանդատից պիտի հրաժարվեն, կա՛մ զբաղեցրած պաշտոնից․ ուշագրավ իրավիճակ՝ Երևանի ավագանիում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրությամբ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խորհրդատվություն հայցելով հանձնաժողովից, թե արդյոք կարո՞ղ է հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ զբաղեցնել նաև ավագանու անդամի պաշտոն։ Բանն այն է, որ Երևանի ավագանու կազմում կան թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ, որոնք մինչ ավագանու անդամը զբաղեցնում են և հիմա էլ շարունակում են զբաղեցնել հանրային պաշտոններ։
Նրանց մեծ մասը ՔՊ խմբակցությունից են, օրինակ՝ Նատալյա Սինորյանը, որը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա էլ՝ խմբակցության փորձագետը, Արման Բարխուդարյանը, որ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Վլադիմիր Կիրակոսյանը, որը Անտառային կոմիտեի նախագահն է, Զինա Չալիկյանը, որը 2021-ից ԱԺ նախագահի ռեֆերենտն է, բայց նաև ավագանու անդամ է, նույն կերպ՝ Լևոն Լևոնյանը, որը և՛ ավագանու անդամ լինելով հանդերձ՝ նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է և այսպես շարունակ։ Կան նաև ընդդիմադիր խմբակցության անդամներ, որոնք զուգահեռաբար պետական սեկտորում են աշխատում, օրինակ՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, որը միաժամանակ նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է։ Ու հիմա նրանց ճակատագիրը որոշելու համար քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որ հանձնաժողովն ասի՝ կարո՞ղ են այս անձինք համատեղել իրենց զբաղեցրած պաշտոնները ավագանու անդամի կարգավիճակի հետ, թե՞ ոչ։ Հանձնաժողովից էլ պատասխանել են՝ ոչ, և մինչև փետրվարի 15-ը ժամանակ են տվել, որ նշյալ անձինք կա՛մ ավագանու մանդատից հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։
Նշենք, որ վերջին տարիներին ԿԿ հանձնաժողովը այլ դեպքերով ևս նմանատիպ եզրակացություններ է տվել, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել ավագանու անդամ, և խոսքը միայն Երևանի ավագանուն չի վերաբերել։ Օրինակ՝ Լոռու մարզի համայնքներից մեկում եղել է ավագանու անդամ, որը միաժամանակ ոստիկան է աշխատել։ Բնականաբար՝ Հանձնաժողովը մերժել է այս համատեղելիությունը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը, զրույցում վերահաստատելով հանձնաժողովի դիրքորոշումը, որ չի կարող ավագանու անդամը զբաղեցնել նաև հանրային պաշտոն, նախ հիշեցրեց, որ օրենքում բաց կա, ինչից էլ փորձում են օգտվել ավագանու անդամները։ Մասնավորապես, 2022 թվականին Ազգային ժողովը «Հանրային ծառայության մասին օրենքում» փոփոխություն է կատարել, որով ամրագրվել է, որ «հանրային պաշտոն զբաղեցնող անձինք՝ բացառությամբ ավագանու անդամի, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում», որն էլ առերևույթ հնարավորություն է տալիս ավագանու անդմաներին՝ միաժամանակ զբաղեցնել նաև հանրային պաշտոն։
«Հիմա իրենք, որ գրել են՝ բացառությամբ ավագանու անդամի, մեկնաբանում են, թե ավագանու անդամի պաշտոն կարող են զբաղեցնել։ Ու, իրականում, շատ փաստաբաններ էլ են այդպես մեկնաբանում, մենք այդպես չէ։ Մենք քաղաքապատերանին էլ ենք ասել, որ ավագանու անդամի պաշտոն զբաղեցնելը զուգահեռված համատեղելիություն է, բայց քանի որ օրենսդրական բաց է եղել, մենք իրենց գրել ենք, ասել ենք՝ մինչև փետրվարի 15-ը վերացրեք խախտումը, թող բոլորը դուրս գան, եթե դուրս չգան, բոլոր պաշտոնյաների մասով վարույթ ենք հարուցելու անհամատեղելիության հիմքով։ Եւ մենք բոլոր պետական մարմիններին ենք գրությամբ տեղեկացրել, որ ավագանու անդամի պաշտոնը պետական պաշտոն զբաղեցնելու տեսանկյունից անհամատեղելիություն է․ հանրային պաշտոն զբաղեցնող անձը չի կարող զուգահեռ զբաղեցնել նաև ավագանու անդամի պաշտոն։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքում կատարվել է փոփոխություն, որը ողջամտորեն կարող է տարընկալման պատճառ դառնալ, մենք իրենց ժամանակ ենք տվել, որ շտկեն՝ կա՛մ մանդատից հրաժարվեն, կա՛մ պաշտոնից»,- ասաց Մարիամ Գալստյանը։
Նա նշեց, որ այստեղ մի փոքր աբսուրդային է ստացվում, քանզի ավագանու անդամի օրենքով արգելք չկա, որովհետև ասում է՝ ավագանու անդամը չի կարող զբաղեցնել դատական, իրավապահ և այլ համակարգերում պաշտոն․ «Բայց հանրային պաշտոնի տեսանկյունից, իրենց այդ մեկնաբանությամբ՝ ես էլ կարող եմ ավագանու անդամ լինել կամ ՄԻՊ-ը, օրինակ, դա նորմա՞լ է»։
Նա նաև նշեց, որ իրավական առումով էլ՝ տառացի մեկնաբանությամբ իրենք ճիշտ են ասում, քանզի հանրային պաշտոն զբաղեցնելու տեսանկյունից արգելքը բացարձակ է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը չի կարող ավագանու անդամի պաշտոն զբաղեցնել, և փաստացի երկու տարբեր օրենքներ հակասում են իրար։
«Մենք ասում ենք, որ հանրային պաշտոն զբաղեցնելու տեսանկյունից է մեր խնդիրը՝ այնտեղ կարգավորվում է ավագանու անդամի պաշտոնի արգելքը, իսկ այստեղ հանրային պաշտոն զբաղեցնող անձի արգելքն է։ Այսինքն, կոպիտ ասած, եթե այնտեղ խախտում անի, ավագանու անդամի մանդատից կզրկվի, եթե այստեղ խախտում անի՝ հանրային պաշտոնից կզրկվի»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր չէ, որ իրենք վարույթ հարուցեն, և տվյալ անձինք որոշեն բողոքարկեն այն դատարանում և հաղթեն՝ օգտվելով օրենքի բացից, կամ ինչպե՞ս են պատկերացնում այս հարցին լուծում տալ, Մարիամ Գալստյանն ասաց․ «Ճիշտն ասած՝ ես շատ կցանկանամ, որ որևէ մեկը դատարան դիմի, և դատական նախադեպ ունենանք, բայց այս պահին չգիտեմ, որովհետև զուգահեռ իրենք տարել էին նաև ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների օրենքում այդ նույն կարգավորումները, հիմա մենք կասեցրել ենք այդ պրոցեսը և թույլ չենք տվել դա անել»։
Ի դեպ, մեզ ասացին, որ 2022 թվականին այս օրենքը «մշակվել» էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, բայց ՏԿԵՆ-ի իրավաբանները շատ անգրագետ ու ոչ պրոֆեսիոնալ ձևով են օրենքը գրել, անգամ նորմալ իրավական եզրակացություն չեն ստացել, և այդ տեսքով ուղարկել են խորհրդարան՝ ընդունման․ հավանաբար ՏԿԵՆ-ը որոշել էր ՏԻՄ-երում ինչ-որ անձանց շահեր սպասարկել։ Խորհրդարանի «պրոֆեսիոնալներն» էլ առանց հասկանալու կամ խորանալու իրավական բացերի և սողանցքների մեջ՝ դակել են այս օրենքն ու խնդիրների առջև կանգնեցրել պոտենցիալ շահառուներին։ Ու չի բացառվում՝ հիմա ավագանու անդամները դատի տան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և, օգտվելով օրենքի բացից, անգամ հաղթեն՝ չնայած նրան, որ զուտ օրենքի փիլիսոփայությունից ելնելով էլ՝ Հանձնաժողովը ճիշտ է։