top of page

ԱԼԻԵՒԻ ՀՈԽՈՐՏԱՆՔՆԵՐԸ ԳՈՎԱԶԴԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳՈՎԱԶԴԵՔ ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ


Մեր իշխանությունները, ընդդիմությունն ու լրատվամիջոցները զբաղված են նրանով, որ ահաբեկում են բնակչությանը: Վախեցնում եւ խուճապ են տարածում: Համոզում են, որ ուր որ է՝ Ադրբեջանը կհարձակվի, կգրավի ՀՀ տարածքները եւ կիրականացնի ցեղասպանություն: Լռում են միայն մեր ԶՈՒ հրամանատարները, ինչն ավելի է սարսափեցնում քաղաքացիներին, որոնց մեծամասնության մտորումների ու խոսակցությունների թեման հենց վերը նշված մտահոգությունն է դարձել: Իսկ դա հենց այն է, ինչ պետք է Ալիեւին, որի ցանկացած խոսքը, բռունցքի թափահարումն ու այցն անմիջապես Հայաստանում լուսաբանվում ու սկսում է մեկնաբանվել բազմաթիվ մարդկանց կողմից, որոնք իրենց անվանում են քաղաքագետներ, մեկնաբաններ, բլոգերներ, կուսակցական: Սովետի ժամանակ նույնիսկ Բրեժնեւի մասին էին 10 անգամ ավելի քիչ խոսում, ցուցադրում ու ցիտում նրա ասածները: Մինչդեռ հասկանալի է, որ եթե Ալիեւը կարողանար, վաղուց արդեն կհարձակվեր ու կօկուպացներ Հայաստանը: Նա զրկվել է այդ հնարավորությունից 2022-ի սեպտեմբեր ամսից, երբ հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ եւ ստացավ Միացյալ Նահանգների նախազգուշացումն ու սպառնալիքը, ում օգնության խնդրանքով դիմել էր Երեւանը: Ստացավ նաեւ եվրոպական դիտորդների ներկայությունն իր սահմանին, որոնք զրկեցին Բաքվին ստեր տարածելու հնարավորությունից, թե, իբր, հայերն են նախահարձակ եղել: 

Ինձ կհակաճառեն` հիշեցնելով, որ մինչեւ 2022-ի սեպտեմբերը ադրբեջանական զորքերն արդեն իսկ գրավել էին ՀՀ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք: Այո, գրավել էին, որովհետեւ կա՛մ մեր բանակը չէր դիմադրել՝ ստանալով «չկրակել» հրամանը, կա՛մ էլ մեր իշխանությունները չէին կատարել ճիշտ գործողություններ: Նրանք, փոխանակ իսկույն պահանջեին հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ամբիոնից կհայտնեին աշխարհին այդ մասին, հույսները դրել էին ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ ունեցած պայմանագրերի վրա: Մինչդեռ կարելի էր անել թե՛ մեկը, թե՛ մյուսը եւ զինվորներին չտալ «չկրակել» հրամանը: 

Եթե Ուկրաինայի ղեկավարները վարվեին նույն ձեւով, Կիեւը 3 օրվա ընթացքում գրավված կլիներ: Այսօր Ուկրաինայում քննարկվում է այն հարցը, թե ինչու Կիեւը պատրաստ չի եղել հարձակմանը, երբ դրանից կես տարի առաջ Միացյալ Նահանգները նրան նախազգուշացրել էր այդ մասին: Հետո, տեսնելով, որ Կիեւը ոչինչ չի ձեռնարկում, արդեն բացեիբաց, լրատվամիջոցների օգնությամբ էին աշխարհին ահազանգել այդ վտանգի մասին: Չէ՞ որ եթե կառուցվեին պաշտպանական կառույցներ, ականապատված դաշտերով հագեցած պաշտպանական գծեր, պատերազմը կա՛մ կկանխվեր, կա՛մ էլ այլ սկիզբ կունենար: 

Կիեւի իշխանությունները դեռ ունեն արդարացում` ասելով, որ անհնար էր պատկերացնել այդպիսի հարձակում եղբայրական համարվող ազգի ու երկրի կողմից, որը ոչ միայն հերքում էր Ամերիկայի ահազանգը, այլ նաեւ պաշտոնապես ստանձնել էր Ուկրաինայի անվտանգության երաշխավորի պարտականությունը: Նկատենք, որ ոչ թե սոսկ խաղաղության պայմանագիր էր ստորագրել, այլ՝ ավելին, դարձել էր Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկիր: Եվ այդ պարտավորությունը ստանձնել էր զիջումի դիմաց: Այն է, որ Կիեւը Մոսկվային կհանձնի Սովետից մնացած ատոմային ռումբերն ու արկերը, ինչպես նաեւ այդ զենքը փոխադրելու ունակ հրթիռներն ու ստրատեգիական ռմբակոծիչները: 

Իսկ ինչպե՞ս են արդարանալու մեր երկրի ղեկավարները, եթե պարզվի, որ Իլհամ Ալիեւը, ով ազարտի մեջ ընկնելու հատկություն ունի, այդուհանդերձ, կատարի իր ընտանիքի միլիարդավոր դոլարներ արժեցող ունեցվածքի եւ Ադրբեջանի համար ճակատագրական սխալ, մահացու վտանգավոր քայլ՝ փորձի օկուպացնել ՀՀ տարածքի որեւէ կարեւոր մաս: Ինչո՞ւ մերոնք չեն կառուցում պաշտպանական գծեր եթե ոչ Ադրբեջանի հետ ունեցած ողջ սահմանի երկայնքով, ապա գոնե, ասենք, Մեղրիի շրջանում: Մի՞թե այսօրվա ադրբեջանցիներին համարում են եղբայրական ժողովուրդ, չեն լսում զենքով հարցերը լուծելու Ալիեւի սպառնալիքները: Մինչդեռ, ինչքան հասկացել եմ, 44-օրյա պատերազմում ունեցած պարտության հիմնական պատճառն այն էր, որ Ջրականի պաշտպանական գիծը թերի էր՝ թիկունքում չուներ եւս 2 գիծ, որտեղ կկարողանային պատսպարվել առաջին գիծը ստիպողաբար լքած մեր զինվորները: Այդ էր պատճառը, որ այդ միակ գիծը հաղթահարած հակառակորդը, չհանդիպելով նոր խոչընդոտների, կարողացավ Ջեբրայիլից արագ հասնել մինչեւ Շուշի: Ըստ ռազմական արվեստի պահանջների, այդպիսի պաշտպանական կառույցները պետք է կազմված լինեն 3 գծից:

Եթե մեր իշխանությունները սկսեն այդպիսի պաշտպանական միջոցառումներ իրականացնել եւ տեղեկացնեն հանրությանն այդ եւ նոր զինատեսակներ գնելու մասին, մարդիկ իրենց ավելի հանգիստ ու ապահով կզգան: Բացի այդ, հարձակման դեպքում Բաքուն չի կարողանա հարցերը լուծել «3 օրվա ընթացքում»: Մեր բանակն ի վիճակի կլինի տալ արժանի հակահարված, կկարողանա դիմադրել այնքան ժամանակ, մինչեւ որ աշխարհի քաղաքակիրթ երկրները գան օգնության: 

Դադարեցրեք Ալիեւի հոխորտանքների գովազդը եւ ՀՀ բնակչության ահաբեկումը տարբեր ասեկոսեներով ու ենթադրություններով: Փոխարենը գովազդեք մեր բանակի հզորացումը, Հայաստանի պաշտպանունակության ավելացումը եւ մեր նոր դաշնակիցների պատրաստակամությունը` մեզ օգնության հասնելու հարցում:


bottom of page