Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում. Մակրոն
Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցում, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը, որի համաձայն Ադրբեջանը պետք է ապահովի, որ այն անձիք, որոնք ցանկանում են վերադառնալ ԼՂ կարողանան դա անել արագ և անվտանգ։
Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որ հաղորդակցման ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե պառակտման»,- ասել է նա։
Մակրոնի խոսքով՝ իրենց հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին։
«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ին կրակոցից ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, ինչը ընդունել է հայկական կողմը։ Բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայակական կողմն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին, և որ իրենք համոզված են՝ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դեպքում։