top of page

ԼՍԱԾ ԿԱ՞Ք, ՈՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐԴԻԿ ՆԱԽՕՐՈՔ ՀԱՅՏԱՐԱՐԵՆ` ԱՅՍԻՆՉ ՕՐԸ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼՈՒ ՑՈՒՅՑԻ


Բանից անտեղյակ խելոքներն ասում են, թե ժողովուրդն ապստամբության իրավունք ունի, բայց չեն ասում, թե ինչպես։ Ավելի շուտ ասում են՝ եթե միլիոնով դուրս գանք... բայց շարունակությունը չկա։ Հարգելիներս, ապստամբություն անում է նա, ով գիտե, թե ինչ ասել է ապստամբությունը մեթոդապես։ Իսկ դա «գիտե» ապստամբ անհատը, որի վեջը չէ, թե կողքին քանի հոգի են, ովքեր, ինչ մտադրություններով։ Իր վեջն է միայն, որ ինքն ապստամբ է եւ անելու է այն, ինչ պատկերացնում է։ Եթե անհատ ապստամբը կայացավ, ապա ապստամբություն ասվածն արդեն հաղթանակած է։ Բայց մենք այդ անհատին չունենք։ Եղած-չեղածը նեղ ազգայինի մեջ լռված, հեքիաթներով առաջնորդվող հայրենասերներ են։ Մինչդեռ խնդիրը սառը հաշվարկով, կամային ապստամբն է։

Մեզանում ինչպե՞ս են, օրինակ, հանրահավաք ու ցույց անում։ Մի կամ մի քանի շաբաթ առաջ հայտարարում են, թե` ժող ջան, էսինչ օրը, էսինչ ժամին դուրս ենք գալու: Անգամ նախապես ասում են, որ այսինչ թեմայով ելույթներ են լինելու, ելույթ ունենալ ցանկացողներին են հերթագրում, որովհետեւ ճառելու ցանկություն ունեցողների պակաս երբեք չի լինում. ամեն ինչ չափված, ձեւված, ինչպես Չեխովի հանրահայտ «Պատյանով մարդը» պատմվածքի հերոս Բելիկովը կասեր՝ որպեսզի հանկարծ մի բան դուրս չգա... 

Հիմա եկեք զուգահեռ անցկացնենք այլ երկրների հետ։

Նախ՝ հարց. երբեւէ լսած կա՞ք, որ ֆրանսիացիները կամ որեւէ այլ երկրի քաղաքացիներ նախօրոք հայտարարեն, թե այսինչ օրը դուրս ենք գալու ցույցի։ Նման բան աշխարհի ոչ մի երկրում չկա։ Եթե նրանց իշխանությունները ժողովրդի շահերին հակասող մի բան են անում, ինչ-որ շանորդություն, մարդիկ, հատկապես տաքարյուն, եռանդով լի, էներգիա ունեցող երիտասարդներն անմիջապես դուրս են գալիս փողոց, բայց ոչ երբեք ճառեր ասելու, այլ... հեռուստալուրերից, տեսագրություններից բոլորդ գիտեք, թե ինչ են անում։ Տալիս-փշրում են ինչ պատահի, հրկիզում են ու իրենց վրա հարձակված ոստիկաններին հակադարձում համարժեքորեն։ Ու որքան ծեծված, վիրավոր ցուցարարներ են հայտնվում հիվանդանոցներում, մոտավորապես նույնքան էլ ոստիկանության աշխատողներ...

Այդկերպ քաղաքացիները, ապստամբներն իշխանություններին ցույց են տալիս իրենց ուժն ու հասկացնում, որ եթե ետ չկանգնեն ժողովրդի շահերին հակասող հիմարություններից, ապա օր ու արեւ չեն տալու։ Ու նրանք երբ փողոց են դուրս գալիս, իրենց ըմբոստ ոգին, անկոտրում կամքն են ցուցադրում, ու փողոց դուրս գալը նրանց համար իշխանություններին ուղղված ըմբոստ քայլ է, այլ ոչ թե ճառ ասելու եւ իրար ծափահարելու խղճուկ միջոցառում։

Այսօր դիտում էի, թե Իսրայելի հրեաներին զենք ու այլ միջոցներ տանող ամերիկացիների, անգլիացիների նավերը հրթիռակոծող, հրկիզող, իսկ երեկ արդեն մի նավ խորտակած հութիներն ինչպես են ուրախ, երջանիկ ու հաղթական պարում այդ հզոր երկրներից առգրաված մի նավի վրա։ Դա արժանապատիվ, ըմբոստ, խիզախ, անհավասար կռվից չվախեցող տղամարդկանց պար էր։

Այնպես որ՝ իրոք յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանություններին։


bottom of page