«Երանի՜ Արցախը հարստությունից զուրկ լիներ, գուցե չռված աչքերով մեզ չտեսնեին, բաց երախով կուլ չտային»
Մարտակերտից Երևան տեղահանված վաստակավոր ուսուցիչ Նատաշա Պողոսյանը սոցիալական ու կենցաղային դժվարությունները հաղթահարում է, հույսով, որ տուն տանող ճանապարհով մի օր նորից կանցնի։ Ցավում է միայն կորսված հայրենիքի և Արցախի փրկության համար նահատակված հերոսների համար։
Տասնամյակներ շարունակ կյանքն Արցախում գոյության, սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու պայքար է եղել, Նատաշա Պողոսյանն էլ կանգնած դրա ակունքներում՝ սերունդներ կրթելով։ Զրույցում մանկավարժը ցույց է տալիս իր հեղինակած լուսանկարը Մարտակերտի շրջանի Կաշենի բաց հանքավայրից։
«Թե ինչ բնական օգտակար հանածոներով էր հարուստ Արցախի ընդերքը, այն ավելի շատ հետաքրքրել է աշխարհի տերերին ու մեր թշնամիներին։ Երբ նժարի վրա էր դրված դրախտավայր երկիրը` իր բնական հարստություններով, շահամոլ տերերին չէր հետաքրքրում մյուս նժարի վրա դրված արցախցիների կյանքը. մեկի վրա շահն էր, մյուսի վրա` հայրենիքը, որի համար զոհվելը նվիրաբերում էր մեր տղաների կյանքի գնով»,- նշեց նա։
Նատաշա Պողոսյանի խոսքով՝ Արցախը կռվախնձոր էր ոչ միայն բացառիկ բուսական ու կենդանական աշխարհի, այլև ջրային հարուստ ռեսուրսների, օգտակար հանածոների, պտղաբեր հողի շնորհիվ։ «Երանի՜ այդ հարստությունից զուրկ լիներ Արցախը, գուցե չռված աչքերով մեզ չտեսնեին, բաց երախով մեզ կուլ չտային, գուցե այդքան զոհեր չունենայինք, հայրենիքն էլ պարիսպ դառնար մեզ համար։ Թե ովքե՞ր վերջին տարիներին քանդեցին սարերը, որ քամեն ու մաղեն եղած հումքը, թե ովքե՞ր տեր դարձան այդ հարստությանը, հասարակ արցախցուն չէր էլ հետաքրքրում, երբ նա տերն էր իր քրտնաջան աշխատանքի պտուղների»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա ամեն օր երանի է տալիս հայրենի Մարտակերտում ապրած ամեն մի օրվան, անգամ բռնի տեղահանվելուն նախորդած ամիսներին, երբ կյանքն իրոք ծանր էր, ապրելը՝ գոյության կռիվ։
Նեղացած է աշխարհից Նատաշա Պողոսյանը, որ աշխարհը չլսեց ցողասպանության վտանգի առաջ հայտնված հազարավոր հայերի հորդորը։
«Արցախի տնտեսության շարժիչ ուժն էր համարվում Կաշենի հանքավայրը, որը բազմաթիվ արցախահայերի համար եկամտի միակ աղբյուրն էր։ Մինչ այդ Դրմբոնի ոսկու հանքավայրում էլ գյուղական համայնքների գրեթե ամեն ընտանիքից մեկն աշխատում էր։ Հանքարդյունաբերական «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Կաշենում 2013-ից էր սկսել արդյունահանել պղինձ-մոլիբդենային հանքաքար։ Այն հզոր երկրների տերե՞րը պիտի մտածեին, որ 120 հազար արցախցիներ ամիսներ շարունակ շրջափակման մեջ են... Երբ գերակա էր նրանց համար այդ հանքավայրերին տիրելը, ինչո՞ւ պիտի մտածեին երկու հազար արցախցիների անգործության մասին, երբ գործազուրկ դարձան հանքավայրը փակելուց հետո թշնամի պետության բռնապետ առաջնորդի պահանջով, «էկոակտիվիստների» ջանքերով»։
Պողոսյանի խոսքով՝ կատարվածի մի կողմում` մարդկային արժեքներն են, որով Արցախի ժողովուրդը սնվել, ապրել, ստեղծել է դարեր շարունակ, մյուս կողմում` արժեքների ոտնահարում, մի բուռ ժողովրդի հայրենազրկություն։
«Սա է այն նոր աշխարհակարգը, որի թիրախում հայտնվեց Արցախը, և որտեղ մարդը ստորադասվեց աշխարհի գերակա շահերին»,- հավելեց Նատաշա Պողոսյանը։