ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է, ԴԱ ԱՆԿՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ Է
- Lida Nalbandyan
- Feb 15, 2024
- 2 min read

Նախորդ տարվա մայիսին Երեւանի պետական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցվեց` կաշառքի մեղադրանքով: Երկարամյա դեկանը կալանավորվեց, տեւական ժամանակ նստեց, ապա նրան տնային կալանք տվեցին, գործը դեռ դատաքննության փուլում է: Բնականաբար, 75-ամյա դեկանին ազատեցին աշխատանքից, եւ նոր դեկան ընտրվեց` նույն ֆակուլտետի դոցենտ Կառլեն Խաչատրյանը: Մենք տեղեկացանք, որ նորանշանակ դեկանը, ով, ի դեպ, բավականին երիտասարդ է, դեկան նշանակվելու օրվանից բավականին մեծ լարում է առաջացրել ֆակուլտետում: Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դոցենտ Արման Մարտիրոսյանի հետ:
- Ի՞նչ իրավիճակ է տիրում ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում` Հայկ Սարգսյանի հեռանալուց եւ նոր դեկանի ընտրվելուց հետո, մեր ականջին հասան տեղեկություններ, որ նոր դեկանից դժգոհություններ կան:
- Դե, որոշակի գործընթացներ են տեղի ունենում` դրական եւ բացասական, ինչպես երեւի ցանկացած այլ տեղ:
- Ինչի՞ մասին է խոսքը: Դասախոսներից կա՞ն մարդիկ, որոնք զրկվել են դասաժամերից:
- Այո, կան դասախոսներ, որոնք դրույքաչափերի հետ կապված խնդիրներ ունեն, բայց այդ տեղեկությունն ավելի հստակ կտա անձնակազմի կառավարման բաժինը: Ես կարող եմ իմ օրինակով խոսել: Սկզբում թվում էր, թե ես մեկ դրույքաչափով եմ աշխատում, կային առարկաներ, որոնք գրված էին, սակայն չէին երեւացել` ժամավճարով գրեցին․ այդպիսի խնդիրների մասին է խոսքը: Այդ հարցերին ես լիարժեք չեմ կարողանա պատասխանել:
- Այդ դեպքում Դուք Ձեր մասին խոսեք:
- Իմ կարծիքով` գործընթացները պետք է լինեն ավելի օբյեկտիվ եւ թափանցիկ: Այդ ամենի արդյունքում մեծ արդյունքներ ավելի շատ կլինեն ֆակուլտետում: Հետաքրքրությունը կմեծանա: Մեզ մոտ ուսանողների թվաքանակը նվազում է, թեպետ դա բոլոր բուհերին է բնորոշ, բայց, օրինակ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների թիվն ավելացել է: Ինչի՞ արդյունք է դա` որակյալ դասախոսների, որակյալ մասնագետների ներգրավման: Դրա համար համապատասխան աշխատանքներ են պետք:
- Այսինքն` ԵՊՀ-ում լավ մասնագետներին ժամեր չե՞ն տալիս:
- Չեմ կարող ասել լավն ու վատը, եթե նման բան ասեմ, գեղեցիկ չի հնչի: Ամեն դեպքում ծրագրի, դասախոսի արդյունքը երեւում է ուսանողների թվաքանակի ավելացմամբ:
- Ի՞նչն է պատճառը, որ դասախոսներից ոմանք դասաժամեր չեն ստանում:
- Կդժվարանամ ասել: Հայացքից մինչեւ խոսելաձեւ կարող են մարդկանց վրա իրարից տարբեր ազդեցություններ ունենալ:
- Հայկ Սարգսյանի ժամանակ ինչպե՞ս էր իրավիճակը:
- Կարծում եմ` այս հարցն անձերի հետ կապված չէ: Սկզբունքների եւ մոտեցումների մասին է պետք խոսել:
- Իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ եղել են դասաժամեր, որոնց մասին չեք իմացել, հետո ժամավճարով եք սկսել աշխատել:
- Դա, որպես այդպիսին, թերացում չէ: Այլ ֆակուլտետներ ասել են, որ ցանկանում են տվյալ դասաժամերը, եւ ժամավճարով ժամեր ենք ստացել:
- Դուք կոնկրետ քանի՞ դասաժամ ունեք:
- Կոնկրետ չեմ կարող ասել:
- Մենք տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ չեք կարողանում պրոֆեսորի կոչում ստանալ, ինչո՞ւ, ի՞նչն է խնդիրը:
- Չգիտեմ, դա էլ մի առանձին թեմա է: Ամեն մեկը կարող է մի ձեւով պատկերացնել: