top of page

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞Ն ԱՐՑԱԽ


Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբը փետրվարի 2-ին երկրորդ հայտարարությունը տարածել, որում բացի հանձնախմբի կազմը ներկայացնելուց, ներկայացվում է արցախահայերի հայրենադարձության անհրաժեշտությունն ու ուղիները. «Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։ Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից և նրա բնական և անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման և կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով և սկզբունքներով։

- Հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիաով (International Convention on Civil and Political Rights) և տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով:

- Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ և անարգել վերադարձը»։ 

Արցախցիների վերադարձի մասին խոսել է նաեւ Սերգեյ Լավրովը` ՄԱԿ ԱԽ հանդիպումների արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում: Խոսելով ԼՂ ռուս խաղաղապահների մասին` Լավրովն ընդգծել է, որ այդ հարցը չի վերաբերում հայկական կողմին, այն Մոսկվա-Բաքու երկկողմ հարաբերությունների տիրույթում է: Այնուհետեւ ասել է. «Ղարաբաղում, իրոք, դեռ մեր խաղաղապահներից մնացել են այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչեցին: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այս թեման քննարկել են, նրանք միակարծիք են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում` տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման հարցում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչների վերադարձին նպաստելու առումով»:

Ի՞նչ խոսք, արցախցիներն ունեն իրենց տները վերադառնալու բոլոր իրավական հիմքերը: Բայց միջազգային այդ իրավունքները կային, գործում էին նաեւ սեպտեմբերյան իրադարձություններից առաջ, գործում էին նաեւ այդ ժամանակ, երբ նրանք բռնի տեղահանվեցին՝ ենթարկվելով էթնիկ զտման: Ու եթե թուրքը՝ ադրբեջանցին որոշում է հայի հանդեպ որեւէ բարբարոսություն անել, ապա բոլոր միջազգային օրենքները դառնում են անգործունակ: Այն կարող է կասեցնել միայն հենց հայը՝ իր պաշտպանողունակությամբ: Իսկ որքանով պաշտպանված կլինեն հայերը Ադրբեջանի կազմում գտնվող Արցախում, որտեղ չեն լինելու հակական բանակ, իրավապահներ, անվտանգության երաշխավորներ: Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահներին, որոնց մասին ասում է Լավրովը, ապա հիշեցնենք, որ հենց այդ խաղաղապահների ներկայությամբ ու լուռ թողտվությամբ տեղի ունեցավ Արցախի բռնի հայաթափումը:

Մասնավոր զրույցներում արցախցիներից շատերն ասում են, որ կվերադառնան իրենց տները մի պայմանով, որ թուրքի հետ չապրեն: Իսկ Ալիեւը պատրա՞ստ է բավարարել նրանց պահանջը եւ արգելի ադրբեջանցիների բնակեցումը Արցախում: Շատ արցախցիներ էլ կտրականապես ասում են, որ այլեւս իրենց երեխաներին չեն տանի այդ դժոխքը: Իհարկե, այստեղ մեծ դերակատարում կունենա գերտերությունների կամքը. եթե ՌԴ-ն եւ Ադրբեջանի իշխանությունները գան ընդհանուր հայտարարի, որ պետք լինի արցախցիների հայրենադարաձություն, ապա տարբեր մեխանիզմներով կհասնեն դրան:  Դա այս պահին ավելի շատ պետք է ՌԴ-ին, որպեսզի իր խաղաղապահի ներկայությունը Արցախում լեգիտիմ լինի: Հակառակ դեպքում շոտուվ ստիպված կլինեն զորքը հանել Արցախից:

Եթե լինեն իդեալական անվտանգ պայմաններ եւ արցախցիները վերադառնան իրենց պատմական հայրենիք, միգուցե, երբեւէ կգա պատմական հարմար պահ, որ վերականգնեն իրենց ինքնորոշման իրավունքը: Բայց, մյուս կողմից էլ  չկա ոչ մի երաշխիք, որ մի քանի տարի, մի քանի տասնամյակ անց պատմությունը չի կրկնվի եւ Արցախը չի դառնա աշխարհաքաղաքական կենտրոնների առեւտրի առարկա, արցախցիները՝ դրանց հերթական զոհը… 


bottom of page