ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Նա մասնավորապես պատասխանել է հարցին, թե արդյոք Հայաստանում փորձում են սահմանադրություն փոխել Ադրբեջանի պահանջով։
«ՀՀ-ն հիմնադրումից ի վեր փաստաթղթերում ունեցել է դրույթներ, որոնք, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու վերջին իրադարձությունները, պետք է փոփոխվեն։ Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն ուր է գնում և ինչի համար է Հայաստանի գոյությունը։ Արդյոք այդ գոյությունը նրա համար է, որ մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի Հայաստանի մասին է, երբ ստացանք անկախություն։ Դա ՀՀ քաղաքացու՞ մասին է, որ պետք է ունենա ապահով և բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այս հարցերի պատասխանները տանք։ Ես կարծում եմ՝ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն հանրության մեջ, և դրա հետևանքով նաև միանշանակ չեն արտացոլված մեր օրենսդրության մեջ։ Չի կարող Հայաստանը լինել ամորֆ բան, չի կարող քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը և վերջանում։
Հայաստանը ևս Ադրբեջանի առաջ սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացնում ։Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, և կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմը իրականացնում է, արվում է հայելային»,- ասել է Ալեն Սիմոնյանը։