Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ոստիկանության իրական դեմքը․ Թևանյան.
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը, առևանգման մասին հաղորդում տալուց հետո մի քանի օր «ռադարներից» կորելով, ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է, որ «իր կյանքին սպառնացող վտանգի և ոստիկանական բռնաճնշումների պատճառով» հեռացել է Հայաստանից։
Նա նշել է, որ քաղաքական ապաստան է խնդրել արտերկրում, քանզի վախենում է արժանանալ դատարանում մահացած Արմեն Գրիգորյանի ճակատագրին:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ Նարինե Հայրապետյանը հեռացել է Հայաստանից, բայց քաղաքական միջավայրից չի կտրվում:
«Բնականաբար, նա մնալու է խմբակցության անդամ, այդ հարցը չենք էլ քննարկել։ Մենք դատապարտում ենք ոստիկանական գործողությունները, Նարինե Հայրապետյանը ներկայացրել է, որ իր դեմ բռնաճնշումներ են կիրառվել, և դրա արդյունքում է, որ նա հեռացել է Հայաստանից»,- ասաց նա։
Թևանյանը նշեց, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս իշխանության գործելաոճը և ոստիկանության իրական դեմքը։
«Իր հայտարարության մեջ նա ասել է, որ պատրաստվում է հետ վերադառնալ, բայց վախենում է բռնաճնշումներից և հետապնդումներից, դրա համար չի վերադառնում, բայց Հայաստանի քաղաքական միջավայրից չի կտրվում»,- շեշտեց Թևանյանը։
Նարինե Հայրապետյանն իր ուղերձում, մասնավորապես, ասել էր․ «Իմ հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետեւ իմ կյանքին վտանգ էր սպառնում: Իմ առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն ոստիկանական բռնաճնշումներից ելնելով, հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կամքին հակռակ ինձ իրենց հետ «խոսելու» տանողները, եւ ինչ-ինչ պատճառներից ելնելով ի՞նչ կապ ունեն նրանք ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը, փորձում էին ինձ մեղադրանք կարել, անգամ գրել էին ցուցմունք և ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամերայի տակ ուղղորդել էին՝ ինչ ասեմ, ես ստիպված էի լքել հայրենիքը, որովհետեւ լավ հասկանում էի, որ արժանանալու եմ Արմեն Գրիգորյանի ճակատագրին»։
Հիշեցնենք, ավելի վաղ Նարինե Հայրապետյանը նշել էր, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։
Նարինե Հայրապետյանի առևանգման վերաբերյալ ստացվել էր հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթը նախաձեռնվել էր Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։