top of page

Հայաստանի իշխանության «շնորհակալությունը» Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգմանը


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հունվարի 25-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանին առաջիկա օրերին կտրամադրեն ականապատ դաշտերի 8 նոր քարտեզներ: Բայց այս ամենով չի ավարտվում, Բաքուն իր կողմից նշել է, թե ակնկալում են, որ «Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն փոխանցվել Ադրբեջանին»։ 

ԱԱԾ հայտարարությունից հասկանալի չէ, թե ինչ է այս պահանջը կատարելու դիմաց ստանալու Հայաստանը ու քանի որ իշխանությունները լուռ են, նշանակում է, որ այս անգամ էլ հայկական կողմը ոչինչ չի ստանալու և գործ ունենք հերթական միակողմանի զիջման հետ: Այլ կերպ ասած՝ Բաքուն ստանում է ամեն ինչ, իսկ Հայաստանը չի էլ պահանջում թշնամուց որևէ բան։  

Հայ գերիները, այդ թվում և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, շարունակում են մնալ Բաքվի բանտերում, երեկ, օրինակ, Բաքուն չորս ամսով երկարացրեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը: Մինչև ե՞րբ այսպես:

«Հայաստանի իշխանությունները որդեգրել են մի բանաձև՝ Ադրբեջանի հետ շփվել հանուն հիպոթետիկ «խաղաղության պայմանագրի» ստորագրման, երբ ինչ-որ պահանջում են մեզնից պետք է տանք, մեզնից յան տան և հանգիստ ապրենք։ Հայաստանի իշխանությունները որդեգրել են մի վարքագիծ, որ եթե խփում են լժեքրիստոնեական մի այտին, մյուսը դեմ տանք»,- այս մասին զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:


Նրա խոսքով՝ սա պրիմիտիվ վարքագիծ է ոչ միայն պետական, այլ նաև մարդկային, նույնիսկ թաղի մակարդակով։ «Եթե որևէ մեկը նման վարքագիծ է դրսևորում, այն տրամաբանությամբ, որ եթե այսօր ինձնից մի բան ուզում են, ես տամ, ձեռք կքաշեն, ապա մարդիկ, որոնք բակի հետ առնչվել են, հասկանում են, որ դրանով չի ավարտվում։ Այսօր մի բան են ուզում, վաղը ավելին են ուզելու, եթե չունես՝ գնա տնից բեր և սովորաբար այդ ամենը վերջանում է լավ ծեծուջարդով»,- ասաց Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ հիմա իշխանության են մարդիկ, որոնք իրենց կյանքում բակ չեն իջել և միշտ ճնշված են եղել։ Նա նշեց, որ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, տվյալ դեպքում ԱԱԾ-ի ձեռքով, դա հերթական քայլն էր մի շղթայի. Հայաստանի իշխանությունները՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, երկու հանցագործ հանձնեցին։ Այն, ինչ ունեին, տվյալ դեպքում մարդասպաններին, միանգամից հանձնեցին։ Ու այդ տրամաբանությամբ էլ շարունակում են։

«Հայաստանը միշտ ինչ-որ բան հանձնել է, դրա դիմաց ոչինչ չստանալով, դրա դիմաց լրացուցիչ պահանջներ ստանալով, որոնք ոչ մի պայմանավորվածություններով չէին ամրագրված։ Հայաստանը դա միշտ ներկայացնում է, որպես խաղաղասիրության հերթական ակտ, որի դիմաց ստանում է լրացուցիչ պահանջներ, զոհեր և կորուստներ»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ուշագրավ է այն, որ այդ հայտարարությունից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ԱԱԾ, իսկ Բաքուն հայտարարություն էր տարածել, որ Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։ Մեր հարցին, թե արդյո՞ք այս ամենի մեջ կապ գոյություն ունի և, օրինակ, Հայաստանի իշխանությունը «շնորհակալություն է հայտնում» Ալիևին Վարդանյանի կալանքի երկարաձգման համար, Հակոբյանը պատասխանեց, որ չի բացառում դա։

«Ռուբեն Վարդանյանին և ոչ միայն իրեն, այլև բոլոր բանտարկյալներին, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, այսօրվա իշխանությունը այդ մարդկանց համարում է իր քաղաքական հակառակորդը, մասնավորապես Ռուբեն Վարդանյանին։ Վարդանյանը այսօրվա իշխանությունների համար պոտենցիալ քաղաքական վտանգ է պարունակում։ Հիմա հիշում եմ նախկին ՊՆ Արշակ Կարապետյանի հայտարարությունը, որ ինֆորմացիա ունի, թե Վարդանյանին հանձնել են այսօրվա իշխանությունները, իրենց նավոդկով էր ինքը բռնված։ Ինչպես Հայաստանում կան քաղբանտարկյալներ, այդպես էլ Բաքվի բանտում այս մարդիկ քաղբանտարկյալ են, նույն քաղաքական կուրսն են վարում»,- եզրափակեց Հակոբյանը։

bottom of page