top of page

2023թ. ոչ մարտական պայմաններում 83 մահվան դեպք է գրանցվել. Ժաննա Ալեքսանյան.


Եթե համեմատենք տարիներ առաջվա հետ բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի վիճակագրությունը, ապա նկատելի է, որ մահերի թիվն ավելացել է, ասել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նա նշեց, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ անցյալ տարի բանակում ոչ մարտական պայմաններում 83 մահվան դեպք է գրանցվել։ «Ոչ մի պատասխանատվության զգացում չունեն՝ վարչապետից սկսած մինչև նախարար»։

Վերջին 4 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Զինված ուժերում ունենք մահացության դեպքերի դինամիկ աճ, ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։

«2018թ. մահվան 63 դեպք է արձանագրվել, 2019-ին՝ 49, 2020թ.՝ 54 դեպք, 2021-ին՝ 58 դեպք, 2022-ին՝ 64, 2023թ ավելի շատ», ասաց նա՝ նշելով, որ նույնն է վիճակը նաև ինքնավնասումների առումով․ 2020թ՝ 65, 2021թ՝ 77, 2022-ին՝ 108 ինքնավնասման դեպք։

«Երբ խոսում ենք խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մասին՝ միանգամից մեր մտքում գալիս են կարգապահության հետ կապված հարցերը: Սա ամենախորքային խնդիրն է, որ տարիներ շարունակ կա և ներկայումս էլ առկա է», ասել է նա։

bottom of page