top of page

«Մամա, ձեր փաստաթղթերը իրար մոտ կպահես, հնարավոր է, պատերազմ լինի». 21-ամյա Վագիֆի վերջին զանգն էր...

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 12, 2024
  • 2 min read

2023 թվականի արցախյան մեկօրյա պատերազմը 200-ից ավելի մարդու կյանք խլեց։ Դժոխային իրավիճակի մասին գիտեն միայն նրանք, ովքեր եղել են սահմանին, ովքեր Արցախը հայկական պահելու համար զոհասեղանին են դրել ամենաթանկը՝ սեփական կյանքը։ 


Նրանք, ովքեր փրկվել են հրաշքով, պատմում են, որ թշնամու մեծաքանակ զորքին ու զինամթերքին պատասխան հակահարված, այնուամենայնիվ, տվել են, բայց, պատերազմի ելքը՝ Արցախի անկումը, նախապես գծագրված էր, պարտությունը՝ կազմակերպված։ 

Զոհերի շարքում Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 21-ամյա Վագիֆ Սահակյանն է։ Վագիֆի մայրը զրույցում ասաց, որ Վագիֆը Արցախի ՊԲ զորակոչվելուց որոշ ժամանակ անց՝ ծառայությունը շարունակել է պայմանագրային հիմունքերով: Մտահոգ, ինքնամփոփ ու անչափ բարի երիտասարդը բոլորի սիրելին էր։ 

«Ամենահաս տղա էր, գոհություն էր ստանում, երբ օգնում էր մարդկանց, իր ընկերներին, քչախոս էր ու ինքնուրույն։ Ես չեմ տեսել որևէ մեկին, ով այդքան շատ սիրեր կենդանիներին, ձի էր պահում ու ազատ ժամանակն անց էր կացնում ձիարշավով»,- կարոտը կոկորդում խեղդելով, որդու մասին ափսոսանքով է խոսում Սոնյա Ասրյանը։ 

Վագիֆ Սահակյանը ծնվել ու մեծացել է Վանք գյուղում։ Մայրն ասում է, որ այնքան համեստ, ինչ-որ տեղ ամաչկոտ ու ինքնուրույն է մեծացել, որ իր 7 քուր-եղբայրներից տարբերվել է իր տեսակով։ Զրույցի ընթացքում անընդհատ ու անընդմեջ տիկին Սոնյան կրկնում էր՝ «իմ բարի խոխաս (երեխաս)»։ 

Սեպտեմբերի 8-ին Վագիֆի հերթափոխի օրն էր, հերթականն ու վերջինը։ Մարտական հերթապահություն էր իրականացնում Վանքի լեռնային բարձունքներում՝ Նարեշտարում։ Հաճախ էր զանգում տնեցիներին, իմանալու նրանց որպիսությունը, տան երկրոդն էր, որպես եղբայր՝ ավագը, հոգատար էր բոլորի հանդեպ։ Քույրը՝ Մարուսյան եղբոր զոհվելուց հետո տեղը չի գտնում. «Այդքան նվիրված եղբայր շատերը կերազեին ունենալ։ Մեր լավ ապրուստի համար անում էր ամեն ինչ։ Այդքանով հանդերձ՝ քչախոս ու համեստ տղա էր Վագիֆը»։

Նախքան պատերազմը դիրքերից շատ էր զանգում, հերթականն անակնկալի էր բերել մորը։ ««Մամա, երեխաների ծննդյան վկայականները, ձեր փաստաթղթերը իրար մոտ կպահես, ուշադիր կլինեք, հնարավոր է պատերազմ լինի»։ Գիտեր տղաս, զգում էր։ Սեպտեմբերի 19-ին եղբորն է զանգել, էլի հարցրել մեզանից ու շարունակել մարտերը։ Դրանից հետո կապ հաստատել հնարավոր չէր։ Հետո ենք իմացել, որ նույն օրն էլ զոհվել է»,- պատմում է մայրը։ 

Վագիֆն իր մարտական ընկերների հետ սեպտեմբերի 19-ին տեղափոխվել է Չարեքտար։ Հետո են պատմել այդ ստորաբաժանման հերոսությունների, թշնամուն պատճառած բազմաթիվ կորուստների մասին։ 

Վագիֆին երկար փնտրելուց հետո, նրա աճյունը գտնվել է Երևանի դիահերձարանում։

Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

1/2639
bottom of page