top of page

Հայկական «ռեվանշը» լինելո՛ւ է


Մենք վկան ենք, թե ինչպես են բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ գիշեր-ցերեկ, զանգվածային լրատվության միջոցներով ամեն բան անում, որպեսզի համոզեն հայ ժողովրդին, որ ռևանշի գաղափարն անիմաստ է, և որ պետք է հաշտվել այս պարտվողական իրականության հետ:

«Ռևանշ» բառը ներթափանցվել է հայ հանրային կյանք` Ալիևի բառապաշարից: Հայաստանի ռուս-թուրքական համակարգի ներկայացուցիչները, Ալիեւի օրինակով, օգտագործում են այդ բառը: Ֆաշիստական հիտլերյան ռևանշի և հենց իր` Արցախում ռևանշի հասած Ալևի օրինակով: Իրականում այդ բառը չի համապատասխանում մեր ժողովրդի նպատակներին, քանզի մեր դեպքում «ռևանշ» բառը պետք է ընկալել այլ քողի տակ՝ ազգային-ազատագրական պայքարի իմաստով։ Մենք Հայաստանը (Արցախը ներառյալ) ռուս-թուրքական լծից ազատագրելու խնդիր ունենք, այլ ոչ Պուտին-Ալիև-Էրդողան եռյակի հիտլերյան զավթման բնազդի համապատասխսան ռեվանշիստական տրամադրություններ: Քանի որ տվյալ բառն արդեն իսկ մտել է հայկական հանրային կյանք, մենք այդ կօգտագործենք չակերտների մեջ՝ նկատի ունենալով ազգային-ազատագրական պայքարում մեր պատկերացրած հաղթանակը։

Մի շարք փաշինյանական քարոզչամեքենայի եվրոժետոններ, ջանք ու եռանդ չխնայելով, համոզում են մեզ, որ ստեղծված իրականությունը 2020 թվականից հետո մեզ թույլ չի տալիս աշխարհին ներկայացնել հայկական արդարացի պահանջները, և այդ նույն իրավիճակը ստիպում է մեզ սահմանափակվել 29 800 ք.կմ տրամաբանության մեջ` գնալով ստրկական «խաղաղության» պայմանագրի, որն իրականում ոչ հեռու ապագայում հղի է նոր պատերազմներով և բազմահազար զոհերով:

Համաշխարհային պատմությունն ունի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են ժողովուրդներն իրենց մեջքը ուղղել և հասել ազատագրման պայքարում հաղթանակի։

Մենք գիտենք ազգային-ազատագրական պայքարի լավ օրինակ՝ հույն ժողովրդի զինված պայքարն Օսմանյան կայսրությունից անկախանալու համար, որը սկսեց 1821թ, եւ որը հայտնի է նաև որպես Հունաստանի անկախության պատերազմ։ 1832 թվականին Կոստանդնուպոլսի պայմանագրով Հունաստանը դարձավ անկախ պետություն։ Օսմանյան կայսրության կողմից նվաճված ժողովուրդներից առաջինն անկախություն ձեռք բերեցին հույները:

Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ Հայաստան պետությունը և հենց ինքը` հայությունը կունենա ապագա միայն հաղթական «ռևանշի» դեպքում: Միայն այն պայմանով, որ Ադրբեջանի Հանրապետությունը ծնկի կբերվի, և Արցախը և հայկական մյուս տարածքները կազատագրվեն` Հայաստանը կունենա ապագա:

Միայն հայկական պահանջատիրությանը տեր կանգնելով, հայոց իրավունքները և իրավական հիմքերը, ինչպիսիք են` Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, Սևրի պայմանագիրը, ինչպես նաև Արցախի և Նախիջևանի վերաբերյալ Ազգերի լիգայի Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը օրակարգ բերելով` հայ ժողովուրդը կարող է գոյատևել այս տարածաշրջանում:

Հայկական «ռեվանշի» այլնըտրանքը կործանումն է: Հայկական «ռեվանշը» լինելու՛ է:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

bottom of page