«Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Երևանում՝ Հաղթանակ թաղամասում, ժողովրդին հայտնի «4-րդ գյուղ»-ում իրականացրել են հատուկ օպերացիա։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Օպերացիան իրականացվել է Հաղթանակ թաղամասում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, մի քանի անձինք տեղափոխվել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածների մեջ է եղել «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի փեսա Ժորա Վարդանյանը և ոստիկանական հատուկ օպերացիան էլ կապված է եղել 1 օր առաջ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում տեղի ունեցած կրակոցնի հետ, որոնք արձակվել էին 47-ամյա բնակչի տան ուղղությամբ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ոստիկանություն տեղափոխված Ժ․ Վարդանյանը տարիներ առաջ Երևանում՝ Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կենտրոնական բանկի հարևանությամբ, իր վարած «Mercedes G» մակնիշի «999 DO 99» համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել կին հետիոտնի։ Վերջինը տեղում մահացել էր, իսկ Ժ․ Վարդանյանը դեպքի վայրը լքել էր, նրա փոխարեն մեկ այլ քաղաքացի էր ոստիկանություն ներկայացել ու հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, սակայն քննիչների ու ոստիկանների աշխատանքի արդյունքում պարզվել էր, որ վրաերթը կատարել է Ժ․ Վարդանյանը, ում վերաբերյալ մեղադրական եզրակացություն էր կազմվել և գործն ուղարկվել էր դատարան։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դեկտեմբերի 26-ին Երևանում կրակոցներ էին արձակվել։ Ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում կրակոցներ են հնչել։
Տեղում պարզվել էր, որ կրակոցները արձակվել են Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի ուղղությամբ և ըստ նշված տան բնակիչ 47-ամյա Անահիտ Մ․-ի՝ իրենց հարևան 33-ամյա Հարութ Ա․-ի հետ նախկինում ունեցել են խնդիրներ ու Հարութ Ա․-ն մոտ 15-20 կրակոց է արձակել իրենց վագոն-տնակի ուղղությամբ՝ վնասելով ապակիներն ու դիմացի հատվածը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չեն եղել:
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալ Հարութ Ա․-ն հայտնաբերվել և ներկայացվել էր Մալաթիայի քննչական բաժին։