Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն
Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:
Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Նարեկ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:
Բարեշնորհ Տիգրան սարկավագ Սարգսյանը վերակոչվեց Տեր Նարեկ քահանա, Գալուստ սարկավագ Վարդանյանը՝ Տեր Երեմիա քահանա, Կարեն սարկավագ Սարգսյանը՝ Տեր Վիրապ քահանա, Արեգ սարկավագ Մխիթարյանը՝ Տեր Մաշտոց քահանա, Դավիթ սարկավագ Ստեփանյանը՝ Տեր Աբել քահանա, Արման սարկավագ Բաղումյանը՝ Տեր Արամ քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին և դիմելով նորաօծ քահանաներին, նշեց. «Քահանայի առաքելությունն է նվիրումով ու սիրով իրականացնել իր ծառայությունը ժողովրդի բոլոր զավակներին։ Ավետարանն էլ հենց դրա մասին է ասում․ «Տիրոջ Հոգին իմ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ. Դ 18-19): ․․․Մեր նորաօծ քահանաներն այդ պատասխանատվությունը հանձն առան՝ լինելով աստվածային ճշմարտության հուշարարն ու լուսարարը, Տիրոջ խոսքի մատակարարն ու մատռվակը»։
Սրբազան Հայրն անդրադարձ կատարեց նաև հոգևոր ծառայութան ընթացքում հանդիպող դժվարություններին։ Այս առնչությամբ Նարեկ եպիսկոպոսը հորդորեց նորաօծ քահանա հայրերին քաջությամբ կրել իրենց վիճակված խաչը՝ ապավինելով Տիրոջ զորությանը։«Ձեր քահանայագործության ընթացքում կլինեն սպասումի, վախի, տառապանքի օրեր, կունենաք նաև մխիթարության ու երանության զգացումներ, սակայն յուրաքանչյուր օրվա մեջ Աստծո սերը մշտապես կուղեկցի ձեզ, որով կկարողանաք հաղթահարել սպասումի անձկությունը, վախի տագնապը, տառապանքի փուշը և զվարճանքի պղպջակային խաբուսիկությունը։ Ահա ձեր ճշմարիտ ծառայության գաղտնիքը․ սեր, որ պիտի ստանաք Աստծուց և բաշխեք ժողովրդին»,-նշեց պատարագիչ Սրբազանը։
Վերջում Նարեկ եպիսկոպոսը հայցեց ամենքի զորակցությունը, որպեսզի նորաօծ քհանաներն իրենց վիճակված դժվարին ճանապարհը կարողանան անցնել արդարությամբ ու ճշմարտությամբ՝ Տիրոջ առջև անվարան կերպով աղաղակելով՝ «Ահավասիկ ես և մանկունքն իմ»։Ապա Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը՝ ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:
Նույն օրը՝ երեկոյան, Մայր Տաճարում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:Տեր Վիրապ և Տեր Մաշտոց քահանաները վեղար կստանան ու կհամալրեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:
Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում: