top of page

Ողբերգական դեպք. տանն առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մարմին. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայանիստ բնակավայրում տուն է այրվում։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արարատի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյան գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Հայանիստ գյուղում այրվում է 1-հարկանի տուն և ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ։



Դեպքի վայր են ժամանում Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ՝ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի և խմբի պետ Ֆելիքս Վահանյանի գլխավորությամբ։



Ոստիկաններն ու պարեկները տեղեկություններ են ստացել, որ նշված վայրից Մասիսի հիվանդանոց են հոսպիտալացվել 2 քաղաքացիներ՝ կին և աղջիկ։



Հրշեջներն էլ, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։



Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե սպանություն՝ պարզվում է։ Ինչպես նաեւ ճշտվում են տան սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխվածների և մահացածի ինքնությունը։

bottom of page