top of page

Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը և առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Բաքվի բանտերում գտնվող հայերը` որևէ մեկին ոչ հայտնի անուններից մինչև նախագահներ Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, այս պահին գտնվում են ապօրինի գերեվարման մեջ այն պատճառով, որ շատ էին սիրում իրենց հայրենիքը և իրենց ողջ կյանքը նվիրել են Արցախի պետականության կերտմանը, դրա ամրապնդմանն ու հայության շահերի պաշտպանությանը:

«Գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մի ամբողջ կյանք անցել են կյանքի ու մհվան ճանապարհով` որպես առաքելություն մտքում և սրտում ունենալով հայրենիքի պաշտպանությունը:

Դավիթ Իշխանյանը կամավորականից, մանկավարժից մինչև պետական գործիչ` իր պարտքն է համարել անձնական նվիրվածությամբ և հոգատարությամբ ծառայել արցախցուն ու Արցախին:

Դավիթ Բաբայանը բազում պատվիրակություններ ընդունել-ճանապարհելով՝ երբեք չի մտածել, որ մի օր Արցախը կլինի օկուպացված, իսկ հայի ազգանուն ունեցող անձինք հպարտությամբ կազդարարեն իր հայրենիքի ադրբեջանական լինելու մասին:

Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս նույնիսկ իր ամենավատ երազներում Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:

Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով, և նրա հետ կապված ցանկացած տեսարան նորմալ հայի համար չի կարող հաճելի լինել:

Ազատությու´ն Բաքվի բանտում գտնվող բոլոր հայերին»,- նշել է Աբրահամյանը։


bottom of page