ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին։ Այս մասին հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը:
Մարտի 3-ին Ժնևում մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում ներկայացված իր ելույթում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկն առանձնացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ ազգությամբ հայերի խնդիրները՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատաքննության նրանց իրավունքները պետք է լիովին պահպանվեն:
Գերագույն հանձնակատարը նաև ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Տյուրկը հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման և հաշտեցման գործընթացի, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել: