top of page

Արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը ապրիլից կկրճատվի

Կառավարությունն ապրիլից կկրճատի տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։

Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

Նախորդ տարեվերջից նոր ծրագիր է ընդունվել, որը տրամաբանական շարունակությունը պետք է լիներ 40+10 հազար դրամ ծրագրի։ Մանուչարյանի խոսքով՝ 2025 թվականի հունվար ամսից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար գործում է աջակցության ծրագիրը, իսկ 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը հունվարից այլևս չի գործում.

«Դրա փոխարեն ընտանիքի ամեն մի անձին 50 հազար դրամի չափով աջակցության ծրագիր ենք գործարկել, որը բոլորի համար չէ ու առաջիկա ամիսներին գնալով նվազելու է: Այս պահին ոչ միայն խոցելի խմբերը, այլ բոլորը, հունվարից մինչև մարտ ամսվա վերջ ստանալու են անձը 50 հազար դրամ, իսկ արդեն ապրիլից ստանալու են  թիրախային խմբերը՝ որոնք են ՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, կերակրողին կորցրած անձինք, մինչև 18 տարեկանները և կենսաթոշակառուները։ Այս անձինք ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ստանալու են անձը 40 հազար դրամ աջակցություն, իսկ արդեն հուլիսից այդ 40 հազարը կդառնա 30 հազար դրամ», -ասաց Մանուչարյանը: 

Թե ինչով է պայմանավորված այս նվազումը,  Մանուչարյանը պարզաբանում է ՝  նախարարությունը միշտ ասում է, որ անում են միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, սա մեկն էր միջնաժամկետ ծրագրերից։

«Երկարաժամկետը բնակապահովման ծրագիրն է, որը այս պահին էլ գործում է, որին մեր հայրենակիցները դիմում են և սերտիֆիկատ են ստանում։ Նախարարությունը զուգահեռ իրականացնում է նաև բնակապահովման պետական աջակցության ծրագիրը: Դեռ նախորդ տարվանից մեր հայրենակիցներին ծանուցել ենք, որին զուգահեռ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկ այլ ծրագիր է դրել հանրային քննարկման, որ աջակցություն տրվի այն ընտանիքներին, ովքեր անապահով են և ունեն լրացուցիչ աջակցության կարիք»,-ասաց Մանուչարյանը:

Այժմ աջակցության ծրագիրը հանրային քննարկման փուլում է, որը առաջիկայում  կքննարկվի կառավարության նիստում: 

1/2524
bottom of page