Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում
Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու՝ երկրում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեին։
«Ինչպես գիտեք, մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու առաջադրելու լիազորություն։ Հավանաբար, անակնկալ չի, որ Բիձինա Իվանիշվիլին որպես վարչապետի թեկնածու ներկայացրեց Իրակլի Կոբախիձեին։ Բնականաբար, դրան լիովին աջակցեց Քաղաքական խորհուրդը», - նշել է Մդինարաձեն՝ քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93%-ը և խորհրդարանում ստանալով 150 մանդատից 89։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են պատգամավորական տեղերից։