Ես ինքս դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից, որ դժվար վիճակում չդնեմ ՔՊ-ի գործընկերներիս. Հովիկ Աղազարյան
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ես նախ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր իմ կուսակցական ընկերներից որևէ ժամանակահատվածում իմ վարքով, իմ քայլով թիմի հեղինակությանը չնչին իսկ վնաս հասցնելու համար: Նաև ուզում եմ ասել հետևյալը, որ չեմ ուզում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերներին ևս մեկ անգամ դնել դժվար իրավիճակում՝ քննարկելու խմբակցությունից հեռացնելու իմ հարցը:
Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մեծ ցավով, վայր եմ դնում նաև իմ լիազորությունները որպես հաշվիչ հանձնախմբի անդամ:
Նաև ուզում եմ ասել, որ տարաբնույթ, տարբեր տեղերից տարբեր մակարդակներով իմ անձին վերաբերվելիք հայտարարությունները, արձանագրումները, գնահատականները բոլորը չէ որ կստանան պատասխան, բայց այն դեպքերում երբ ես կպատասխանեմ դրանց, դրանք կլինեն մեկ մակարդակ ցածր՝ ոչ հայելային»:
Հիշեցնենք՝, որ նախօրեին Հովիկ Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից։
ՔՊ-ից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։