top of page

«Գրություններ եմ ուղարկել միջազգային կազմակերպություններին՝ Աղազարյանի մասով». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Հովիկ Աղազարյանի մասով:


Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին:


Ունենալով մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ նույն պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում եմ, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական թիմի անդամներին դրանց հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռնելը, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, խիստ խնդրահարույց է և անընդունելի:


Այդ արտահոսքը խախտում է ազգային օրենսդրությունը և միջազգային իրավունքի մի շարք նորմեր.


1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր - 1948


2. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր - 1966


3. Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին - 1950


4. Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR) (2016/679) - 2016


ՀՀ Սահմանադրության 33 և 34-րդ հոդվածները հստակ սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:


Առավել անընդունելի է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանին փոխկապակցված կայքում պատգամավորի սեռական կողմնորոշման մասին «բացահայտումներ են արվել»՝ նույն հեռախոսային տեղեկությունների հղումով:


Աղազարյանի հետ կատարվածը վկայում է ոչ միայն այն մասին, որ խախտվել է նրա անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը, այլ նաև տպավորություն է, որ Կառավարության աշխատակզմից ուղղորդված թիրախավորման արշավ է սկսվել պատգամավորի դեմ:


Իմ միջազգային գործընկերներից ու տարբեր կազմակերպություններից ակնկալում եմ համապատասխան արձագանք, քանի որ նախկինում իրավունքների ամենաչնչին ոտնհարման դեպքերով օտարերկրյա դեսպանները, տեսաուղերձով, նույնիսկ դատապարտում էին տեղի ունեցածը: Հիմա՝ մի տեսակ լուռ են»:

bottom of page