Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Երբ 387թ. աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը և ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները։
Արևմտյան Հայաստանը քաղաքական, պատմական ու գիտական եզրույթ է։
Այն սկսվել է գործածվել 387թ․, Հայաստանի առաջին բաժանումից հետո՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։
«Արևմտյան» է կոչվել Հայաստանի՝ Հռոմին անցած տարածքը (որտեղ էլ որպես թագավոր է կարգվում Արշակ Գ-ն՝ Պապի որդին), որն իր մեջ ներառում էր Բարձր Հայք, Ծոփք և Աղձնիք նահանգները։
591 թվականին տեղի է ունենում Հայաստանի երկրորդ բաժանումը՝ Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջև, որի արդյունքում Բյուզանդիային են անցնում նաև Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը։
11-րդ դարի կեսերից Հայաստան են առաջին անգամ ներթափանցում սելջուկ-թուրքերը։
Իսկ 13-րդ դարի առաջին կեսից Հայաստանը ասպատակվում է մոնղոլների, այնուհետև՝ աղկոյունլուների ու կարակոյունլիների կողմից։
Ամբողջ 16-րդ դարն ու 17-րդ դարի առաջին կեսը Հայաստանին տիրելու համար պայքար էր մղվում Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Պարսկաստանի միջև։
Օսմանցի թուրքերը, Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածները ասպատակելուց և նվաճելուց հետո, 1555 թ. հաշտություն են կնքում Սեֆյան Պարսկաստանի հետ։ Ըստ Ամասիայի պայմանագրի (1555թ.)` Թուրքիային էր անցնում ամբողջ Արևմտյան Հայաստանը՝ Էրզրում կենտրոնով։
Սահմանագիծը սկսվում էր Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածից՝ հասնելով մինչև Եփրատ գետ։
Հայաստանի չորրորդ բաժանումը տեղի է ունենում 1639 թ.։
Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանին է միացվում Կարսի շրջակայքն ու Վանը, իսկ Սեֆյան Պարսկաստանին՝ Արևելյան Հայաստանը։ Ժամանակի ընթացքում Արևմտյան Հայաստան անվանումը սկսում է վերաբերել Արաքս գետի ձախափնյակում ընկած հայկական տարածքներին՝ գլխավորապես նախկին Օսմանյան կայսրության կազմում գտնվող վեց վիլայեթներին։
Սա է իրականությունը։
Ի՞նչ Ադրբեջան, ի՞նչ «Արևմտյան Ադրբեջան»։
Ադրբեջան անունով պետության մասին աշխարհն առաջին անգամ իմացել է 1918-ի մայիսին, բայց հրաժարվել է այն ճանաչել, քանի որ այն արհեստական անվանում ուներ ու ոչ հստակ տարածքներ։ Դրա մասին է վկայում 1920-ի դեկտեմբերի 1-ի Ազգերի Լիգայի որոշումը։