Միայն գրավոր շփվող ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատրա՞ստ է զրկվել իր ծառայողական մեքենայից
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որ սովորաբար կառավարության նիստից հետո առաջիններից մեկն էր դուրս գալիս շենքից, այսօր սովորականից ուշ իջավ կառավարությունից։ Ենթադրաբար նա նիստից հետո մտել էր Նիկոլ Փաշինյանի մոտ, որ կա՛մ ներկայացներ՝ ինչպես է պատրաստվում կրճատել Ազգային ժողովի բալանսում գտնվող ծառայողական մեքենաները, կա՛մ փորձում էր համոզել, որ իր մեքենան գոնե պահպանի՝ չկրճատի։
Հիշեցնենք, MediaHub-ը երեկ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը խազեր է քաշել նաև ԱԺ բալանսում գտնվող մի շարք ծառայողական մեքենաների վրա՝ հանձնարարելով դրանք կրճատել և ուղարկել Պետգույք՝ օտարման։ Այդ մեքենաների մեջ են մտնում Հանձնաժողովների նախագահներին, խմբակցությունների ղեկավարներին, ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին, անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող «պադավատները»։
MediaHub-ի երեկվա նյութը, ասացին, լուրջ իրարանցում է առաջացրել խորհրդարանում, հատկապես պադավատներից զրկվողների շրջանում։ Մեզ ասացին՝ թե՛ պատգամավորները, թե՛ աշխատակազմի ղեկավարն ու անգամ Ալեն Սիմոնյանը ծանր են տարել Փաշինյանի այս որոշումը, որ զրկվելու են իրենք և իրենց ընտանիքի անդամները պետության հաշվին տեղաշարժվելու հաճույքից։ ԱԺ-ի մեր աղբյուրներն ասացին՝ Դավիթ Առաքելյանը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել իրեն հատկացված ծառայողական մեքենայից և ուղիներ է փնտրում, որ պահպանի մեքենան, այդ թվում՝ Փաշինյանին մոլորեցնելու տարբերակով, որ ցույց տա, թե իբր կրճատել է, բայց զարտուղի եղանակով, ասենք՝ այլ համարանիշներ մեքենայի վրա փակցնելով, պահպանի մեքենան։ Ու հնարավոր է՝ հենց այս հարցով էր նա սովորականից ավելի երկար մնացել կառավարությունում։
Իսկ երբ իջավ, մոտեցանք նրան, որ ճշտենք՝ պատրաստվո՞ւմ է հրաժարվել իր ծառայողական մեքենայից։ Բայց Առաքելյանը, որ լրագրողների հետ շփման ֆոբիա ունի կամ բանավոր խոսքի հետ կապված խնդիր, ինչպես միշտ, այս անգամ էլ ասաց, թե գրավոր ուղարկենք․ «Խնդրում եմ, յուրաքանչյուր հարց ուղարկեք գրավոր, մենք շատ արագ կպատասխանենք»։
Սա Առաքելյանի միակ և անգիր արած պատասխանն է՝ «գրավոր ուղարկեք», այլ բովանդակությամբ պատասխան ԱԺ աշխատակազմի ղեկավարը երբևէ չի տվել լրագրողներին, տպավորություն է, որ եթե նույնիսկ նրան հարցնես՝ «ինչպե՞ս ես, գործերդ լա՞վ են», Առաքելյանը նորից կասի․ «Գրավոր ուղարկեք»։
Հետաքրքիր է, եթե այդ գրավոր հարցումը չլիներ, ինչի՞ հետևում էր թաքնվելու Դավիթ Առաքելյանը։
Ի դեպ, մենք ծառայողական մեքենաների թեմայով գրավոր հարցում արդեն իսկ ուղարկել էինք, բայց ուզում էինք Փաշինյանի որոշման վերաբերյալ հենց նրանից անձամբ տեղեկանալ։
Մի խոսքով, մեր ջանքերն ապարդյուն անցան, Առաքելյանը նստեց իր՝ դեռևս չկրճատված ծառայողական մեքենան և հեռացավ։