top of page

23 օր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել Ռուբեն Վարդանյանի առողջության վրա

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 11 hours ago
  • 2 min read

«Նովայա Գազետա» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել  Բաքվում ապօրինաբար պահվող գերիներից Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ  «դատավարությունը» շարունակվում է:

Հոդվածում հրապարակված է նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան  Ջարեդ Գենսերի կարճ  հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

— Ի՞նչ է հայտնի Ռուբե Վարդանյանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում:

— Մարտի 12-ին հացադուլն  ավարտելուց հետո Ռուբենի վիճակն այս պահին կայուն է: Ինչպես մանրամասն նկարագրված է իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր և լուրջ ազդեցություն է ունեցել  առողջության վրա: Նա կորցրել է ավելի քան 6 կգ, և նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր մակարդակի վրա է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր ուներ  նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիևի  կարգադրությունը սպառնում է ինչպես բժշկական օգնության հետագա հասանելիությանը, այնպես էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը:

— Ինչպիսի՞ն են  Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հնարավորությունները:

— Մենք շատ ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է:

— Ինչո՞ւ է Արևմուտքն այդքան պասիվ հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության հարցում:

 — Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցե նախկինում այդպես էր, բայց վերջին ամիսներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Անցյալ տարվա հոկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, և  եթե ընտրվի, կպաշտպանի հալածված քրիստոնյաներին:

Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր դիվանագիտության միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց:

 Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները:

— Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանյանի գործին:

 — Թրամփի վարչակազմն արդեն հստակ հասկացրել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղության համաձայնագրին, եթե գերիները չազատվեն մինչև դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դաձնում  նախագահ Ալիևին: Եթե Ալիևը պատշաճ կերպով չարձագանքի,  ակնկալում եմ, որ ուղղակի հետևանքներ կլինեն:

Ալիևի փոխարեն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակվում է աստիճանական միջոցառումներով: Ինչպես արդեն տեսել ենք նրա երդմնակալությունից հետո, նա  կարող է գնալ անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի:


1/2624
bottom of page