top of page

Իսրայելն ավելի քան 250 հարված է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին

Սիրիական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները տասնյակ հարվածներ են հասցրել Սիրիայի ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսում, որտեղ երեքշաբթի վաղ առավոտյան պայթյուններ են լսվել: Այս մասին գրում է BBC-ին։

Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։ Կառույցը  հերքում է իսրայելական ցամաքային ստորաբաժանումների՝ բուֆերային գոտուց  դեպի Սիրիա  առաջխաղացման մասին տեղեկությունները։

Ինչպես հայտնում են AFP-ի թղթակիցները, երեքշաբթի առավոտյան ուժգին պայթյուններ են լսվել Դամասկոսում։ Գործակալության լուսանկարներում երեւում են ծխի սյուներ, որոնք բարձրանում են Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնից։

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հաղորդել է երեքշաբթի առավոտից ավելի քան 100 հարվածների մասին:

Ընդհանուր առմամբ, կազմակերպության տվյալներով, վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելը մոտ 250 ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքում՝ Բաշար ալ-Ասադի տապալված ռեժիմի ռազմական ներուժը ոչնչացնելու նպատակով։

SOHR-ի հաղորդագրությունում նշվում է, որ հարվածները ոչնչացրել են Սիրիայում ամենակարևոր ռազմական օբյեկտները, ներառյալ՝ օդանավակայանները, օդային ջոկատները, ռադարները, ազդանշանային կայանները, զենքի և զինամթերքի պահեստները, հետազոտական ​​կենտրոնները, հակաօդային պաշտպանության համակարգերը և Լաթաքիա նավահանգստային քաղաքի ռազմանավերը։ 

bottom of page