top of page

Քաղաքական ուժերը դիրքավորվում են. Գյումրիում իշխանության գալու համար ովքե՞ր կպայքարեն

Մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Եթե ՔՊ-ն արդեն, առաջ ընկնելով, ակտիվորեն անցել է նախընտրական քարոզարշավ իրականացնելուն, ապա մյուս քաղաքական ուժերից շատերն անգամ հստակ որոշում չունեն՝ մասնակցելո՞ւ են ընտրություններին, թե՞՝ ոչ։

Այսպես, MediaHub-ը փորձել է հայաստանյան խոշոր կուսակցություններից ճշտել՝ ի՞նչ որոշում ունեն ՀՀ երկրորդ քաղաքում անցկացվելիք ընտրություններին մասնակցելու մասով։

Հայ ազգային կոնգրես 

«Քննարկումներ կան, սակայն դեռևս հստակ որոշում չկա։ Այս պահին որևէ բան չեմ կարող ասել։ Մի քանի օրից պարզ կլինի՝ ՀԱԿ-ը մասնակցո՞ւմ է Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

«Քննարկում չի եղել դեռևս, իսկ ՀՀԿ-ն քաղաքական պրոցեսներին մասնակցելու համար կուսակցության գործադիր մարմնի նիստ է գումարում, որպեսզի որոշում լինի։ ԳՄ որոշումը լինելուց հետո պարզ կդառնա՝ մասնակցում ենք, թե ոչ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գյումրու արդեն լուծարված ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը։

Հարցին, թե արդյո՞ք չի ուշանում որոշումը, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ ՔՊ-ն արդեն գործի է անցել, Միրզոյանը պատասխանեց՝ ոչ, անգամ Կառավարության որոշումը ուժի մեջ չի մտել։

«Կայացած կուսակցությունները որևէ խնդիր չեն ունենում ուշանալու մասին»,- նշեց Միրզոյանը։

Նա նկատեց, որ այս փուլում որևէ բան չեն կարող ասել՝ դաշինքով հանդես գալու հարց կլինի՞, թե՞ ոչ։ Միակ բանը, որ հստակ է՝ ՔՊ-ի հետ համագործակցություն չի լինելու։Հարցին, թե ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպում եղե՞լ է, Միրզոյանը պատասխանեց՝ ոչ։ Նա նշեց, որ Գրիգորյանի անվան շուրջ ծավալված խոսակցություններին, թե պատգամավորը հնարավոր է մասնակցի ընտրություններին, իրենք էլ են ծանոթ մամուլի հրապարակումներից։  

Հայ հեղափոխական դաշնակցություն

«Դեռևս հստակ որոշում չկա։ Իհարկե, յուրաքանչյուր դեպքում կոնսոլիդացիա պետք է, որպեսզի իշխանությունը չանցնի ՔՊ-ին, բայց Դաշնակցությունը դեռևս այս առումով որոշում չունի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Բարգավաճ Հայաստան կուսակցությունԸնտրություններին մասնակցելու թեմայով ԲՀԿ քաղաքական խորհուրդը քննարկում դեռևս չի իրականացրել։ Այս մասին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։«Երբ լինի քննարկում և որոշում՝ ընտրություններին մասնակցելու հետ կապված, պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգանք»,- նշեց նա:

«Ապրելու երկիր» կուսակցություն

«Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրություններին։ Ցուցակը գլխավորելու եմ ես»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գյումրու արդեն լուծարված ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Կարեն Մալխասյանը։

Նրա խոսքով՝ իրենց որոշումը մենակ մասնակցելն է, սակայն, իրենք չեն բացառում դաշինքով հանդես գալը։

«ՔՊ-ի հետ ո՛չ դաշինք ունենալն է հնարավոր, ո՛չ էլ ընտրություններից հետո կոալիցիա կազմելը»,- վստահեցրեց Մալխասյանը։

«Հայրենիք» կուսակցություն

«Այժմ քննարկվում է «Հայրենիք» կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Կա հավանականություն, որ կմասնակցենք։ Վերջնական որոշումը լինելուն պես հանրությանը կհայտնենք այդ մասին։ Այսինքն՝ երբ կլինի խորհրդի որոշում, հրապարակային հանդես կգանք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Նա նշեց, որ հիմա քննարկվում է ընտրություններին առանձին հանդես գալու տարբերակը, բայց չի բացառվում, որ դաշինքով մասնակցություն էլ կարող է լինել։

«Որևէ հստակ բան դեռևս չկա»,- ասաց Սոս Հակոբյանը։

«Հանրապետություն» կուսակցություն

«Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դեռևս հստակ որոշում չունենք։ Երբ լինի կուսակցության խորհրդի նիստ և որոշում ընդունվի, հանրությանը կիրազեկենք այդ մասին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

«Այո՛, մենք ընտրություններին մասնակցելու ենք։ Դեռևս պարզ չէ՝ ինչ ձևաչափով։ Մենք անցողիկության շեմ հաղթահարելու խնդիր չունենք, բայց ընտրություններից հետո իշխանություն վերցնելու համար հնարավոր է կոալիցիա կազմենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նա ընդգծեց՝ կոալիցիան լինելու է իրական ընդդիմադիր ուժերի հետ, ՔՊ-ին և պսևդոարևմտյան ուժերին բացառում են.

«Եվ բոլոր դեպքերում էլ մեր առաջին համարը լինելու է Արտյոմ Ղարաղազարյանը»,- հավելեց նա:Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին Գյումրու իշխող «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները և համայնքի ղեկավարը մանդատները վայր դրեցին, ինչից հետո ավագանու երկու նիստերում համայնքապետի թեկնածու ՔՊ-ն չառաջադրեց և օրենքի ուժով ավագանին լուծարվեց։

bottom of page