Բաքվին ներկայացրել ենք կոնկրետ առաջարկներ ու լուծումներ երկուստեք մտահոգություններ ներկայացնող հարցերի շուրջ, սպասում ենք նրանց կառուցողական աշխատանքին. Փաշինյան
Նախորդ տարի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններին: Այս մասին Երևանում կայացած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Իրակլի Կոբախիձեի հետ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ու աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մեր հարուստ երկխոսության կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը ու երկու երկրների փոխկապակցվածության ամրապնդումն, այդ թվում՝ փոխադարձաբար անհրաժեշտ դյուրացումներ ներդնելու միջոցով:
Վրաստանի մեր գործընկներերին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքիշխանությունը տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակներում:
Այս համատեքստում ընդգծել եմ ՀՀ կառավարության ներակայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար:
Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարագացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ: Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական աշխատանքին:
Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք»,- մասնավորապես ասաց Փաշինյանը: