Լա լիգան արձագանքել է Անչելոտիի խոսքերին

Լա Լիգան հերքել է Մադրիդի «Ռեալ»-ի բողոքները` առաջնության հանդիպումը հետաձգելու մերժման վերաբերյալ։ Այդ մասին գրում է armsport.am-ը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում չորեքշաբթի Մադրիդի «Ռեալ»-ը հաղթել է Մադրիդի «Ատլետիկո»-ին՝ 11 մետրանոց հարվածաշարում (4-2): Շաբաթ օրը մադրիդցիները արտագնա հանդիպմանը հաղթել են «Վիլյառեալ»-ին (2-1): Հանդիպումից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է. «Սա վերջին դեպքն է, երբ «Ռեալ»-ը հանդես կգա առանց 72 ժամ հանգստի։ Մենք երբեք դա այլևս չենք անի: Մենք երկու անգամ խնդրեցինք Լա Լիգային հետաձգել այն, և ոչինչ»:
Լա Լիգան հայտնել է, որ փետրվարի 25-ից, երբ հրապարակվել է մրցաշրջանի այս հատվածի ժամանակացույցը, Մադրիդի «Ռեալ»-ը ոչինչ չի ասել ժամանակացույցի մասին։ Լա Լիգան ասում է նաև, որ նախկինում ժամանակացույցի փոփոխության հարցումները նախապես ստացվել և բավարարվել են:
Ավելին, Լա Լիգան հայտարարել է, որ հանդիպումների միջև 72 ժամ հանգստանալը պարտադիր պահանջ չէ, այլ ավելի շուտ՝ խորհուրդ։ Լա Լիգան պարտավորվել է, թեև ներառված չէ որևէ համաձայնագրի մեջ, ֆուտբոլիստներին տրամադրել առնվազն երկու լիարժեք օր հանգստի համար հանդիպումների միջև, և այդ պահանջը կատարվել է:
Նշվում է, որ այն, ինչ եղավ Մադրիդի «Ռեալ»-ի հետ, որը Չեմպիոնների լիգայում հանդես եկավ չորեքշաբթի, իսկ շաբաթ օրը՝ Լա լիգայում, «Բարսելոնա»-ի հետ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլում, քանի որ կատալոնացիները առաջին հանդիպումը կանցկացնեն չորեքշաբթի, իսկ պատասխան հանդիպումը՝ մյուս երեքշաբթի։ Այսպիսով, «Բարսան» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, «Լեգանես»-ի հետ՝ Լա Լիգայում՝ շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, մյուս երեքշաբթի՝ ապրիլի 15-ին, կրկին կհանդիպի գերմանական թիմի հետ:
Հաջորդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը նման խնդիր չի ունենա, քանի որ երեքշաբթի Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումն է «Արսենալ»-ի հետ, իսկ պատասխան հանդիպումը՝ հաջորդ չորեքշաբթի։ Սակայն ներկայիս պատմությունը կարող է կրկնվել, եթե մադրիդյան թիմը դուրս գա մրցաշարի կիսաեզրափակիչ: