Դատախազությունից չեն կողմնորոշվում՝ Հովիկ Աղազարյանը «պետական հանցագո՞րծ է», թե՞ ոչ
ՔՊ-ն Հովիկ Աղազարյանին մեղադրում է «կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների» մեջ, հենց դրա համար էլ որոշեցին հեռացնել նրան կուսակցության շարքերից։ Կոնֆիդենցիալ տեղեկատվությունը նշանակում է գաղտնի տեղեկատվություն, իսկ պետական կոնֆիդենցիալ տեղեկատվությունը պետական գաղտնիքն է, որի մեջ էլ, փաստացի, մեղադրում են Հովիկ Աղազարյանին։
Մի կողմ թողնենք, թե ինչու և ինչպես ստացվեց, որ ՔՊ-ականները սկսեցին Հովիկ Աղազարյանին այդպիսի ծանրագույն մեղքերի, քիչ է մնում նաև՝ Արցախը հանձնելու մեջ մեղադրեն։ Իրենց հայտարարածը, իրականում, քրեորեն պատժելի արարքի վերաբերյալ հաղորդում է, որով պետք է զբաղվեն իրավապահները, քանզի պետական գաղտնիք հրապարակելը քրեորեն պատժելի արարք է։ MediaHub-ը փորձեց գլխավոր դատախազությունից պարզել, թե արդյոք իրենք պատրաստվո՞ւմ են ընթացք տալ ՔՊ վարչության տարածած հաղորդագրությանն ու դրանում Հովիկ Աղազարյանին առերևույթ պետական հանցագործության մեջ մեղադրելու վերաբերյալ հատվածին։
Դատախազությունից, սակայն, անհասկանալի և իրարամերժ պատասխաններ տվեցին, վերջում ասացին՝ «գրավոր ուղարկեք»։
Նախ ասացին՝ տեղյակ չեն ՔՊ-ի տարածած հայտարարությանը, չգիտեն՝ ինչի մասին է խոսքը։
Հետո, երբ տեղեկացրինք, ասացին՝ «չենք մեկնաբանում», ապա ասացին, թե իրենք որևէ հաղորդում չեն ստացել այդ կապակցությամբ, վերջում էլ, երբ հիշեցրինք, որ իրենք մամուլի անգամ ամենաաննշան հրապարակմանը, երբ պետք է լինում, ինքնուրույն ընթացք են տալիս՝ առանց որևէ մեկի դիմումի, դատախազությունից, այլ ելք չունենալով, կամ այդ պահին չիմանալով՝ ինչ պատասխան տալ, ասացին՝ գրավոր ուղարկեք հարցումը։
Կարճ ասած՝ դատախազությունը դեռ կոնկրետ անձից, ում պարբերաբար զեկուցում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, դեռ հրահանգ չունի Հովիկ Աղազարյանով զբաղվելու, այդ թվում՝ այս դրվագով, դրա համար էլ գրավոր են պահանջում հարցումը, որ ժամանակ շահեն և հասկանան՝ ինչպես պետք է վարվել ՔՊ-ի վարկածով «պետական հանցագործի» հետ։