Կալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք
Մի քանի ժամ առաջ Լոս Անջելեսի բժշկական փորձաքննության գրասենյակը հրապարակել է թարմացում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թվի վերաբերյալ: Զոհերի թիվը հասել է 16-ի: Պաշտոնյաները նշում են, որ այդ թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, գրում է BBC-ն:Միաժամանակ, տեղի ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն 13 մարդ անհետ կորել է, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք այս դեպքերը կապված են հրդեհների հետ։ Լոս Անջելեսի շրջանում հրդեհների տարածքը հասել է գրեթե 15,000 հեկտարի։ Հրդեհից ավերվել է ավելի քան 12,000 շենք։ Լոս Անջելեսի առնվազն 153,000 բնակիչ անցած գիշեր տարհանվել է։
Անտառային հրդեհները Հարավային Կալիֆոռնիայում տարածվել են հունվարի 7-ից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նահանգում զանգվածային աղետի ռեժիմ է հայտարարել։ JPMorgan Chase Bank-ը հրդեհների վտանգը գնահատել է գրեթե 50 միլիարդ դոլար, իսկ AccuWeather վերլուծական ընկերությունը գրում է, որ հրդեհների վնասը կարող է հասնել մինչև 150 միլիարդ դոլարի: