Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ
![](https://static.wixstatic.com/media/0b80d6_506c574d2f28460a912ef930f70a7df3~mv2.jpg/v1/fill/w_720,h_409,al_c,q_80,enc_avif,quality_auto/0b80d6_506c574d2f28460a912ef930f70a7df3~mv2.jpg)
Այսօր՝ փետրվարի 12-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ են հնչել, որի ժամանակ տեղի է ունեցել ավազակային հարձակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի և Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել և տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է տուժածին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում, զինված հարձակվել են «Chevrolet»-ի վարորդի վրա, նրան պատճառվել վնասվածք և արձակել են երեք կրակոց ու հափշտակել են նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։