Ցանկանում եմ, որ մենք վերադարձնենք հայրաքաղաքի այն կարգավիճակը, որ մայրաքաղաքը զգա, որ հայրը պատրաստ է նորից ստանձնել օջախի պահապանի, անվտանգություն ապահովողի դերը․ Մխիթարյան
- Lida Nalbandyan
- 9 hours ago
- 1 min read
Նախ ուզում եմ մեր քաղաքապետին մաղթել մոտակա աշխատանքի ժամանակ դրսևորել սկզբունքայնություն բոլոր հարցերի շուրջ, որի մասին խոսում է, ուժ, համբերատարություն, իմաստություն և քրիստոնեական բարություն։ Այս մասին հայտարարել է «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
«Մեր անմահացած հերոսների մայրերին ցանկանում եմ, որ իրենք զգան, որ անտեսված չեն, որ իրենց որդիների, ամուսիների, եղբայրների շիրիմները հարգված են, խնամված են ու շատ-շատ-շատ կարևոր արժեք են մեր բոլորի համար։ Մեզ՝ բոլորիս, ցանկանում եմ, որ մենք մեր քաղաքին կարողանանք վերադարձնել հայրաքաղաքի այն կարգավիճակը, որ հոր դերն ու նշանակությունն այս պետությունում բոլորը հասկանան, ոչ թե ուղղակի խոսքերով, այլ մայրաքաղաքը զգա, որ հայրը պատրաստ է նորից ստանձնել օջախի պահապանի, զարգացնողի և անվտանգություն ապահովողի դերը։
Շատ կարևոր հարցերում մենք պետք է ու պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները, մեր մտորումները, մեր անհամաձայնությունները դնել կողքի ու մտածել պետության առավելագույն շահի մասին, հայ ժողովրդի մասին, մեր հավատքի ու հայրաքաղաքի մասին։
Ես շատ կուզեմ, որ այս տարիները հետագայում պատմության մեջ հիշվեն, որպես նոր սկզբի, նոր վերածննդի տարիներ ոչ միայն հայրաքաղաքի, այլ նաև՝ ՀՀ-ի համար»,-ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնել է Գյումրու քաղաքապետի պաշտոնը։