top of page

Ձևավորվել է USAID-ի կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների և անհատների մի մեծ խումբ, որոնց գործունեությունը, պետական և ազգային շահի տեսակետից, մի օր քննության առարկա է դառնալու․

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության հնարավոր դադարեցման, ինչպես նաև հնարավոր վերակազմավորման (իսկ դա առավել հավանական հանգուցալուծումն է) ազդեցությունը ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար էական է լինելու։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականցվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակն է եղել օժանդակել Հայաստանին հասնել կայուն զարգացման` մրցունակության աճի, բարելավված ժողովրդավարական կառավարման, անվտանգ և ապահով էներգետիկ ռեսուրսների, որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության միջոցով:

2022թ. գործակալության և Հայաստանի միջև կնքվել էր պայմանագիր 120 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու մասին, իսկ 2024թ. սեպտեմբերին որոշում էր կայացվել տրամադրել լրացուցիչ 130 մլն, ինչի արդյունքում ՀՀ տրամադրվող դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմում է 250 մլն դոլար։

Անհնար է թերագնահատել այն ահռելի աշխատանքը, որ USAID-ն տասնամյակներ շարունակ իրականացրել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Բազմաթիվ դրամաշնորհների շրջանակներում իրականացվել են կրթական, մեդիա և իրավապաշտպան ծրագրեր՝ Հետքը, Սիվիլնեթը դրա վառ օրինակն են։

Բայց սրան զուգահեռ ձևավորվել է գործակալության կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների և անհատների մի մեծ խումբ, որոնց գործունեությունը պետական և ազգային շահի տեսակետից մի օր քննության առարկա է դառնալու։

ԱՄՆ ՄԶԳ գործունեության դադարեցումը էապես փոխելու է քաղաքացիական հասարակության մթնոլորտն ու ներկապնակը։ Ի վերջո պարզվելու են ջրերը, որովհետև Հայաստանը, հայ ժողովուրդը նվազագույնը վերջին հինգ-վեց տարիներին գտնվում է դեզինֆորմացիայի, լեգենդների, կեղծ նարատիվների ահռելի ազդեցության տակ։ Տեսնում է՝ չի հավատում, լսում է՝ չի հասկանում։ Եվ այս գործում իրենց «լուրջ ներդրումն» ունեն քաղհասարակության մի շարք կազմակերպություններ և անհատներ։ Հենց վերջիններն էլ մի քանի օր է, ինչ ցայտնոտի մեջ են, քանի որ հասկանում են, որ ԱՄՆ ՄԶԳ վերակազմավորումից հետո նրանցից շատերը մնալու են առանց ֆինանսավորման։

Այս առումով լուրջ փոփոխություն է լինելու հասարակության մեջ։ Ֆինանսավորման բացակայության պայմաններում այդ ցանցի բազմաթիվ իդեաներ և նարատիվներ՝ հակահայկական, հակաարցախյան, ցեղասպանությունը կասկածի տակ դնելու և այլն սպասարկման ռեսուրսներ չեն ունենալու։ Իհարկե, մեծ է հավանականությունը, որ իշխանությունը ֆինանսավորման «սուրբ գործը» կվերցնի իր վրա, քանի որ վերջին հաշվով այս կազմակերպությունների գոյությունը իշխանության գաղափարների տարածման և պաշտպանության գրավականն է, իշխանության ապազգային գործողությունների արդարացումը, բայց ֆինանսավորման ծավալը նույնը լինել չի կարող։

Արդյունքում տեղի է ունենալու քաղհասարակության պլատֆորմի վերակազմավորում։ Շատ կարևոր է, որ բացը լրացվի ոչ թե ծայրահեղ գաղափարներով՝ պոպուլիստական կամ արկածախնդիր, այլ գրագետ իդեաներով։

Սա կարող է հասարակության առողջացման լուրջ սկիզբ դառնալ»,- գրել է նա։

1/2408
bottom of page