Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան
2024 թվականին նախարարության կողմից կատարված աշխատանքը և մեր տնտեսական ձեռքբերումները կամ ցուցանիշները, ես կարծում եմ, որ պետք է գնահատենք դրական։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Իհարկե, տարին դեռ չի ամփոփվել և տնտեսական ակտիվության աճը միայն կարող ենք 11 ամսվա համար ներկայացնել, դա կազմում է 7.4%, իսկ դեկտեմբեր ամսվա ցուցանիշները դեռևս որևէ կերպ ներկայացված չեն։
Այդ կոնտեքստում հունվար-նոյեմբերին մենք ունենք արտահանման մոտ 74% աճ և ներմուծման 41,5% աճ, արդյունաբերությունը 7,6% է աճել, մշակող արդյունաբերությունը՝ 10,8%, ծառայությունների աճը կազմել է 6,3%, գյուղատնտեսությունը հունվար-սեպտեմբերին աճել է 1,8% և շինարարությունը 14,9% աճ է կազմել»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա մենք ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ, մասնավորապես՝ 19 թվականի:
«Ինչու ես չեմ խոսում 21-ի, 22-ի, 23-ի մասին, որովհետև դրանք, ըստ էության, ավելի ֆորս մաժորային ժամանակահատվածներ են եղել: Այդ հատվածում տարբեր արտաքին գործոններով պայմանավորված՝ մենք տարբեր բացասական և դրական ցուցանիշներ ենք ունեցել:Կարծում ենք, որ հիմա արդեն մտել ենք կայունության փուլ և նման ցուցանիշները պահպանելը, օրինակ, 6,7, թեկուզ 5.5% տնտեսական աճ ունենալը, դա բավականին բարձր ցուցանիշ է»,- նշեց Պապոյանը:
Պապոյանի խոսքով՝ եթե նախկինում մեր տնտեսական աճի հիմնական, շարժիչ ուժը ծառայություններն էին, և դա նաև շատ էր քննադատվում, երբեմն նաև կապվում էր խաղային բիզնեսի զարգացման հետ, ապա այժմ պետք է նշել, իհարկե, ծառայությունները շարունակում են մեծ դեր ունենալ, բայց իրենք ծառայությունները իրենց դերով զիջել են շինարարությանը և, որ ամենակարևորն է արդյունաբերությանը:
«Այսինքն, արդյունաբերությունը մեր տնտեսության մեջ իր աճի, իր չափաբաժնով երկրորդն է եղել շինարարությունից հետո, ինչը կարծում ենք՝ շատ կարևոր շատ կարևոր ցուցանիշ է»,- ընդգծեց նա: