top of page

«Հրապարակ». ԻՆՉ ԶՐԹՈՒԶԻԲԻԼ ՈՒՆԵԻՆ` ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՎ, ԾԱԽԵՑԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎՐԱ, Ո՞Վ ԿՈՒԶԻ, ՈՐ ԿՌԻՎԸ ԿԱՆԳՆԻ


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շվեյցարական RSI-ի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր. «Ավելի ուժեղը նա է, ով մտածում է մարդկանց մասին, նա, ով համարձակություն ունի բարձրացնել սպիտակ դրոշը եւ բանակցել։ Այսօր հնարավոր է բանակցել միջազգային ուժերի օգնությամբ»։ Հռոմի պապը ոչ միայն աբողջ աշխարհում քրիստոնյաների առաջնորդն է, ու նրա հայտարարությունները սովորաբար քաղաքական բնույթի են, այլեւ ուղենիշային։ Բնականաբար, Ուկրաինայի վերաբերյալ այս հայտարարությունը չէր կարող պարզապես Հռոմի պապի հումանիստական դրդումներով պայմանավորված լինել կամ որպես անհատ հոգեւորականի կարծիք, այն կոնկրետ նպատակ ունի` դադարեցնել Ուկրաինայում եղբայրասպան պատերազմը, որտեղ տուժում է առաջին հերթին ուկրաինական կողմը։ 

Իսկ ինչո՞ւ հանկարծ նման հայտարարություն արվեց Արեւմուտքի հոգեւոր առաջնորդի կողմից՝ գուցե Արեւմուտքը սկսել է հաշտվե՞լ այն մտքի հետ, որ ուկրաինական ճակատում «տուպիկի» մեջ են հայտնվել, եւ մեծ հեղինակություն ունեցող Պապի շուրթերով բարձրաձայնում է այն, ինչը քաղաքական դեմքերը չեն ուզում բացեիբաց հայտարարել։ 

Իսկ գուցե, ինչպես ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովն էր «Հրապարակի» հետ զրույցում ասել, Հռոմի պապի հայտարարությունը բարոյական կոչ էր` Արեւմուտքի հոգեւոր առաջնորդն իր պարտքն էր համարել ներդրում ունենալ՝ եղբայրասպան արյունալի պատերազմը դադարեցնելու հարցում։ Փաստացի ստացվում է, որ երրորդ կողմի համար Ուկրաինան զոհաբերվեց մի պատերազմում, որտեղ ոչ մեկը չէր հաղթելու, առավել եւս` Ուկրաինան նման հնարավորություն չուներ, սակայն փոխարենը հայտնվել է մի իրավիճակում, երբ կարող է մասնատվել մինչ այժմ Ուկրաինային տարատեսակ աջակցություն ցույց տվող կողմերի ձեռքով։ Զուգահեռ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ ամերիկացի զինվորներ չկան ու չեն ուղարկվի Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմում մասնակցելու, սակայն իրենք շարունակելու են աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար զենք տրամադրելով։

Պատերազմը շարունակելուն կողմ է արտահայտվել նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ով Պապի վերոնշյալ հայտարարությունը պարզապես «վիրտուալ աջակցություն» է որակել, որը դրսեւորվում է «2500 կմ հեռավորությունից»։ Ուշադիր հետեւելով հավաքական Արեւմուտքից հնչող հայտարարություններին՝ կարող ենք փաստել, որ ամեն ինչ չէ, որ հաշվարկածի համաձայն է ընթացել, ու հիմա ինչ-որ բան փոխվել է։ Չէ՞ որ ուկրաինացի զինվորականների կողմից այնքան սպասված ու ռազմաճակատում իսկապես փոփոխություն մտցնող զենքի ու ավիացիայի՝ Ուկրաինային խոստացված մատակարարումներն այդպես էլ իրականություն չեն դառնում։ Այդ մասին պարբերաբար մեզ հետ զրույցում նշել է ուկրաինացի զինվորական Վադիմ Վասիլչուկը։ 

Ուկրաինայի Վերին Ռադայում խորհրդական, Stay with Ukriane բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Հռոմի պապի հայտարարությանը, ասաց, որ այդպես էլ պետք է լիներ։ «Վատիկանը Ռուսաստանը ճանաչում է որպես Խորհրդային Միության ժառանգորդ, դրա համար այդ ամեն ինչը դրան պիտի տաներ։ Եթե հիշենք Երկրորդ համաշխարհային պատերազմը, Վատիկանը պահել է բոլոր ռեյխերին (Երրորդ ռեյխ․ գերմանական պետության ոչ պաշտոնական անունն է՝ 1933 թ. մարտի 24-ից մինչեւ 1945 թ. մայիսի 23-ը` Հ. Ա.), հետո տվել ուրիշ քաղաքացիություն, տարբեր պետություններում տարել-պահել է, այդ մարդիկ իրենց մահով են մահացել, այնինչ ֆաշիստներ են եղել։ Այսօրվա օրով Վատիկանը ռուսներին է աջակցում՝ Պուտինն իրենց պրոյեկտն է»,-ասաց Պետրոսյանը։ Թշնամությունը թշնամություն է՝ Վատիկանը լինի, թե մեկ այլ պետություն։ Հարցին, թե որքանով է արդար Բայդենի հայտարարությունը, որ պատրաստ են միայն զենք տրամադրել Ուկրաինային, բայց ոչ զինվորներ ուղարկել, Պետրոսյանն ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմի նպատակն այն էր, որ ՌԴ-ն վերածվի գորշ զոնայի, որպեսզի այնտեղ հավաքվեն աշխարհի հանցագործները, խնդիրներ, ու այդ՝ խնդիր ունեցող մարդկանց ղեկավարելը հեշտ է, հետեւաբար, երկիր ելումուտ ունենալու համար համաձայն կլինեն ցանկացած առաջադրանք կամ պահանջ կատարելու։ «Ի՞նչ է անում ԱՄՆ-ն ու ինչո՞ւ է զենք տալիս․ քանի որ Ուկրաինայի ձեռքերով դեռեւս կարելի է թուլացնել Ռուսաստանին, ի՞նչ կարիք կա մեջը տեղավորվել։ Նույնը Թուրքիան անելու է Ղրիմի մասով՝ ես Ձեզ այդ մասին որոշ ժամանակ առաջ ասել եմ։ Հիմա Թուրքիան իբր թե ընկեր է Ուկրաինայի համար, իբր Ռուսաստանին ընկեր է, բոլորի հետ լավ է, բայց Թուրքիան իր նպատակներն ունի Ղրիմի հարցով, որովհետեւ 1990-ականներին Ուզբեկստանից ու տարբեր տեղերից թաթարներին, որոնք Ղրիմի հետ ինչ-որ հին կապ ունեին, բերեցին, լցրեցրին Ղրիմ, որ աշխատանք տանեին ու Ղրիմը վերցնեին։ Իսկ այսօր Ուկրաինայի ձեռքով Ռուսաստանը թուլանում է, որ օրը լավ կթուլանա, Թուրքիայի խաղաղապահները կմտնեն Ղրիմ ու Ուկրաինային կասեն, որ ձեզ համար մուտքն ու ելքն ազատ է, ոնց որ Հյուսիսային Կիպրոսը։ Կիպրոսցիների համար մուտք կա, թուրքերն ասում են՝ եկեք, ինչ ուզում եք, արեք, բայց դե դա գորշ զոնա է՝ Թուրքիան 40 տարի այդպես պահում է այդ տարածքը։ Հիմա դա իր համար պրակտիկա է՝ մի նոր պրակտիկա կանի, կվերցնի Ղրիմը, կասի՝ թաթարները մեր մուսուլման եղբայրներն են, մենք իրենց պիտի տեր լինենք, ուկրաինացիները մեզ հարազատ մարդիկ են, բայց պիտի պահենք, որովհետեւ ռուսը, մեկ է` ձեզ հասնելու է»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Սուրեն Պետրոսյանը վստահ է, որ այդ օրը գալու է, ու Թուրքիան փորձելու է խլել Ղրիմն Ուկրաինայից։ «Այս զարգացումների պարագայում ինչպիսի՞ նախագահ է Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի համար»։ Գերագույն Ռադայում խորհրդականն ասաց, որ ոչ միայն Զելենսկին, այլեւ Ուկրաինայի քաղաքական ամբողջ դաշտը ստեղծված իրավիճակի գերիներն են։ «Երբեմն կատակ եմ անում՝ դառը կատակ, որ Ուկրաինան շատ գեղեցիկ աղջիկ է, որն անտեր է, ուր ուզում են՝ տանում են, ով ուզում է` տանում է, այդքան վատ վիճակ է։ Միջազգային շփումներում հասկանում ես, որ մենակ ես՝ ընկերներ չկան։ Լեհաստանն ի՞նչ արեց, 147 միլիարդ եվրո Եվրամիության իրենց ֆինանսավորումը կասեցրել էին, լեհերը տարբեր հայտարարություններ արեցին, դրա տրամադրումը վերականգնեցին, 1.5 միլիարդ տվեցին բողոքողներին, որ խելոք մնան։ Գերմանիան 12 հատ Լեոպարդ տվեց՝ ԱՄՆ-ից 100 միլիարդ փող ստացավ օգնություն։ Ո՞վ կարող է 12 Լեոպարդը 100 միլիարդով ծախել․ ռեկորդային գներով առեւտուր արեցին։ Դրա համար այսօրվա օրով ինչ զրթուզիբիլ ունեին, ամբողջ աշխարհով մեկ, աֆրիկյան պետություններից ինչ ունեին՝ ամբողջը ծախեցին Ուկրաինայի վրա։ Այդքանից հետո ո՞վ կուզի, որ դա կանգնի, քանի փող են աշխատում։ Ոնց որ մեկն անընդհատ աշխատող գործարան ունենա, ասեն՝ փակիր»,- եզրափակեց Պետրոսյանը։


1/2285
bottom of page