ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն զգուշացրել է Գազայի հատվածում աղետալի սովի մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Գազայի հատվածում առնվազն 1,1 միլիոն մարդ սպառել է պարենամթերքի վերջին փշրանքները և գտնվում է աղետալի սովի վտանգի տակ: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ «Գազայում պաղեստինցիները սարսափելի զայրույթ ու տառապանք են ապրում»։
«Ես կոչ եմ անում Իսրայելի իշխանություններին ապահովել Գազա մարդասիրական մատակարարումների ամբողջական և անարգել մուտքը»,- ասել է Գուտերեշը։
Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերի մարդասիրական ջանքերին։
Նախկինում ՄԱԿ-ը նաև հայտնել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում սովն անխուսափելի է, քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարեցվել և մարդասիրական օգնության ավելի մեծ հասանելիություն չի տրամադրվել: ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ Գազայի հատվածում սննդի սուր պակասը «խորացել և ընդլայնվել է»:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր Գազայի հատվածում «նորագույն պատմության մեջ աննախադեպ» սովի մասին։