top of page

Ինչի՞ հիման վրա է իրականացվող այս պահին 4 գյուղերի, իսկ հետագայում 4 անկլավների հանձնման գործընթացը․ Աբրահամյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 19, 2024
  • 2 min read

  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ վերջին օրերին ակտիվ քննարկումների դաշտ մտած թեման՝ հայտնի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ,  և՛  անվտանգային և՛  երկրի կենսունակության տեսանկյունից, վերաբերվում է ողջ հանրապետությանն ու նրա ապագային:

«Եկե՛ք դեռևս մի պահ, մի կողմ թողնենք վերջին մի քանի տարիներին բնութագրիչներ դարձած դավաճան, հանձնող, տապալող և այլ բառերը, որպեսզի շեղումն ու կենտրոնացումը դրա վրա չլինի, և թեման փորձենք դիտարկել տրամաբանության և քաղաքական գործընթացների բովանդակային կողմից: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ և այն կարող են սկսել այն Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:Առաջին հարցը, որն առաջանում է, հետևյալն է՝ իսկ ի՞նչ փաստաթղթերի և քարտեզների վրա է իրականացվելու այս գործընթացը: Ինչու եմ սա ասում, որովհետև մինչև հիմա էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ նշում էին, որ բանակցությունների հիմնական հակասություններից մեկը, որն արտացոլված է նաև ադրբեջանական իշխանությունների պաշտոնական հայտարարություններում, վերաբերվում է սահմանների ճշգրտման տակ դրվող քարտեզներին և իրավական բազային: Հիմա, եթե այս հարցում չկա դիրքորոշումների ներդաշնակեցում կամ պարզ ասած համաձայնություն, ապա ինչի՞ հիման վրա է իրականացվող այս պահին 4 գյուղերի, իսկ հետագայում՝ 4 անկլավների հանձնման գործընթացը»,- ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունը վերջին փուլում, Ադրբեջանի պահանջած 4+4 գյուղերի թեմայի համատեքստում խոսում էր Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների մասին։

«Սակայն հիմա, երբ խոսվում է գործնականում քայլեր ձեռնարկելու մասին, չգիտես թե ի՞նչ տրամաբանությամբ, հանձնման, ճշգրտման գործընթացը տեղի է ունենում միակողմանի՝ զիջում է Հայաստանը: Դեռ չեմ խոսում այն մասին, որ 2-3 տարի առաջ, Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս գալը որպես բանակցությունների վերսկսման նախապայման էր առաջադրում, հետո կրկին նահանջեց, իսկ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության տեմպը բարձրացրեց:

Փաշինյանը նաև ասում է,թե իր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտալ՝ ակնարկելով այն հանգամանքը , որ Ադրբեջանն իր հետ խոսում է սպառնալիքի լեզվով, իսկ ինքն էլ ստիպված հասարակությանն է շանտաժի ենթարկում։ Եթե հիմքն այն է՝ ամեն ինչ տանք, որ պատերազմ չսկսվի, ապա հանրությունը լավ գիտի ու տեսել է տարբեր շրջափուլերում այս սկզբունքը չի աշխատել և, նույնիսկ միակողմանի զիչումներից հետո, Ադրբեջանը գնացել է նոր ագրեսիայի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելով ․ «Իշխանությունը երկրի ներսում խոսում է հոխորտանքների, սպառնալիքների, վիրավորանքների լեզվով, իսկ երբ խոսքը  գնում է բանակցային գործընթացին և Ադրբեջանի սպառնալիքների պատասխանելուն, ապա խոնարհ, ստորացված կեցվածք ունեն»

bottom of page