Մայրը հանել է դստեր շորերը, ձեռքերով, ոտքերով հարվածել է նրան և փակել խորդանոցում
Կինը իր անչափահաս, անօգնական վիճակում գտնվող աղջկան առանձին դաժանությամբ պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք։
Այս մասին գրում է Iravaban.net-ը, հղում կատարելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ երեխան ունի «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն /չափավոր արտահայտված դեբիլություն» հոգեկան հիվանդություն։
Կինը 2023 թվականի նոյեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում՝ չպարզված օրը, դստեր կողմից դպրոցական տետրը պատռելու առիթով, նրան պատժելու համար, վերջինիս մազերից քաշելով, ձեռքերով, ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով՝ դպրոցից հասարակության անդամների ներկայությամբ, տեղափոխել է իրենց բնակության վայր։
Այնուհետև հանել է դստեր արտաքին հագուստները, թողնելով նրա հագին միայն կիսավարտիքը և շապիկը ու նրա կամքին հակառակ՝ բռնության կիրառմամբ տեղափոխել է շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց, կողպել է դուռը և վերջինիս առողջության համար վնասակար և մթության պայմաններում պահել է այնտեղ:
Կնոջ բռնի գործողություններընկատել են հարևանությամբ գտնցող երկու բնակիչ։ Նրանք մոտ 10 րոպե անց, երեխային պատուհանից դուրս են բերել և տուն տարել՝ միաժամանակ նախատելով երեխայի մորը: Սակայն կարճ ժամանակ անց կինը երեխային կրկին տեղափոխել է նույն խորդանոց և մթության ու նրա առողջության համար վնասակար պայմաններում, ընդհանուր շուրջ 2 ժամ 30 րոպե պահել է այնտեղ:
Կնոջ կողմից վերը նկարագրված բռնության դիտավորյալ դրևորումները, որպես հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն, անդառնալի բացասակական ազդեցություն են գործել երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման վրա, այդ կերպ նրան պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք:
Գործը դատարան է ստացվել 2024 թվականի դեկտեմբերի 12-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3, 4, 6, 8 կետերի հատկանիշներով։ Այն է՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: