top of page

Էպիլեպսիայի դեղամիջոցը կարող է նվազեցնել քնի ապնոէի ախտանիշները. ուսումնասիրություն

Նոր ուսումնասիրության համաձայն, էպիլեպսիայի սուլտիամ դեղամիջոցը կարող է օգնել կանխել քնի ապնոէով հիվանդների շնչառության ժամանակավոր ընդհատումները, գրում է The Guardian-ը:

 Անգլիայի Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով, քնի օբստրուկտիվ ապնոէն շնչառության հետ կապված տարածված խնդիր է, որով տառապում է յուրաքանչյուր 20 մարդուց մեկը: Հիվանդները հաճախ բարձրաձայն խռմփացնում են, գիշերվա ընթացքում նրանց շնչառությունը ընդհատվում է, և նրանք կարող են մի քանի անգամ արթնանալ: Այն ոչ միայն հոգնածություն է առաջացնում, այլև կարող է մեծացնել արյան բարձր ճնշման, ինսուլտի, սրտի հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարախտի հավանականությունը:

Վիեննայում Եվրոպական շնչառական ընկերության կոնգրեսում ներկայացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հնարավոր տարբերակներ կան նրանց համար, ովքեր չեն կարող օգտագործել մեխանիկական շնչառական մեքենաներ, ինչպիսիք են շնչուղիներում  ճնշման անընդհատ մեծացման մեքենաները (Cpap):

Հետազոտողներն ուսումնասիրել են Բելգիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում քնի օբստրուկտիվ ապնոէ ունեցող մոտ 300 հիվանդների, որոնք չեն օգտագործել Cpap ապարատներ: Նրանց բաժանել են չորս խմբի և տվել երեք հզոր դեղամիջոցներից մեկը՝ սուլտիամը կամ պլացեբո: Հետազոտության ընթացքում քնի ժամանակ չափվել է հիվանդների շնչառությունը, թթվածնի մակարդակը, սրտի բաբախյունը, աչքերի շարժումը, ինչպես նաև ուղեղի և մկանների ակտիվությունը ուսումնասիրության սկզբում, չորս շաբաթ և 12 շաբաթ անց: Պարզվել է, որ 12 շաբաթ անց սուլտիամ ընդունողները  քնի ժամանակ ունեցել են 50%-ով ավելի քիչ շնչառական ընդհատումներ և արյան մեջ թթվածնի մակարդակի բարձրացում: Էֆեկտն առավել նկատելի է եղել դեղամիջոցի ամենաբարձր չափաբաժիններն ընդունելիս:

Գիտնականներն ասում են, որ արդյունքները ցույց են տալիս, որ սուլտիամը կարող է արդյունավետ միջոց լինել այս հիվանդության բուժման համար:


1/2336
bottom of page