top of page

Ո՞վ և ո՞ւմ «մարդն է» Արթուր Պողոսյանը, որին Փաշինյանը դեռ չի ցանկանում նշանակել ՔԿ նախագահ

Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը Հանրային հեռուստանկերությանը տված հարցազրույցում հաստատեց մամուլի տեղեկությունները, որ գլխավոր դատախազ Աննա Վադապետյանի տեղակալ Արթուր Պողոսյանին մտադիր է նշանակել Քննչական կոմիտեի նախագահ։ Փաշինյանը հայտնեց, որ որոշ ահազանգեր կան այդ անձի հետ կապված՝ հընթացս մի քանի անգամ կրկնելով, թե դրանք նախկինում հերքվել են, բայց ինքը մի հատ էլ կստուգի, և եթե հիմա էլ հերքվի, ապա Պողոսյանին կնշանակի Արգիշտի Քյարամյանի փոխարեն ՔԿ նախագահ։

Իսկ ո՞վ է Արթուր Պողոսյանը։ Նա ԱԱԾ-ից դատախազություն գործուղված իրավաբան է, որը, ասում են, դատախազությունում պաշտոնի անցնելիս կտրվել է քննությունից, սակայն Աննա Վարդապետյանը, հավանաբար կոնկրետ հրահանգով, նրան ուղիղ նշանակել է տեղակալ։ Մյուս կողմից նաև դրական կարծիքներ կան նրա մասին, որ «ուղեղն աշխատող, պրպտող ու խելացի իրավաբան է»։

Պողոսյանը, մինչ ԱԱԾ-ում Արգիշտի Քյարամյանի ձեռքով Քննչական դեպարտամենտի պետ նշանակվելը, եղել է Շիրակի մարզի դատախազի տեղակալը։ MediaHub-ին ասացին, որ Պողոսյանը թեև ժամանակին մտերիմ է եղել Արգիշտի Քյարամյանի հետ, բայց համարվում է ԱԱԾ տնօրենի՝ փաստացի ԱԱԾ-ն կուրացիա անող տեղակալ, երիտասարդ ու ամբիցիոզ Անդրանիկ Սիմոնյանի մտերիմն ու «մարդը»՝ իրավապահ համակարգում։ 

Դատախազության մեր աղբյուրներն ասացին՝ Պողոսյանն Աննա Վարդապետյանի սրտով տեղակալ չի եղել, իրականում, նրանք այնքան էլ ջերմ հարաբերություններ չեն ունեցել, (հավանաբար պրոֆեսիոնալ է, դրա համար), և հիմա տիկին դատախազն հոգու խորքում ուրախ է, որ Պողոսյանը գնում է իր հիմնարկից, բայց նաև խնդրահարույց է նրանով, որ նա գործուղվում է դատախազության «կոնկուրենտ» հիմնարկ, որի հետ դատախազությունն ու անձնապես Աննա Վարդապետյանը մշտապես պայքարի ու մրցակցության մեջ են գտնվել։ Այնպես որ, այս իմաստով Աննա Վարդապետյանին դեռ հետաքրքիր «համագործակցություններ» և բուռն մրցակություն է սպասվում։ 

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն Արթուր Պողոսյանի հետ հանդիպել է նախորդ չորեքշաբթի, Պողոսյանը նրան ասել է, որ ցանկացած տեղ պատրաստ է ծառայել, հավատարմության երդում է տվել Փաշինյանին, հատկապես մի քանի առանցքային հարցերում, և ուրախ վերադարձել դատախազություն, որտեղ էլ իր ենթականերին հայտնել է, որ հեռանում է։ 

Իսկ արդեն հաջորդ օրը՝ հինգշաբթի, կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ իր մոտ էր պահել ուժային կառույցների ղեկավարներից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, որին ևս մտադիր է այլ պաշտոնի նշանակել, մասնավորապես՝ ՊԵԿ նախագահ, և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Որոշ ժամանակ քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանի մոտից առաջինը հեռացել է Արմեն Աբազյանը, հետո՝ Ռոմանոս Պետրոսյանը, իսկ, ահա, դատախազ Աննա Վարդապետյանի մեքենան մոտ երկու ժամ դեռ կառավարության դիմաց կայանած էր, այսինքն՝ դատախազը դեռ Փաշինյանի մոտ էր և, սովորության համաձայն,  ինչ-որ բան էր «զեկուցում»։

Ասացին՝ հենց իր տեղակալ Արթուր Պողոսյանի հարցն ու նրա շուրջ ահազանգերն էին քննարկում։ Այսօր երկուշաբթի է, Փաշինյանը գնացել է գործի, ու դեռ ՔԿ նախագահի պաշտոնում նշանակում չի արել․ հավանաբար դեռ ճշգրտում է իր «սրտի թեկնածուի» վերաբերյալ ահազանգերի իսկությունը։ Ի դեպ, այս ահազանգերի մասին Հանրայինի եթերում հրապարակավ խոսելով՝ Փաշինյանը թերևս ուզում էր ցույց տալ, որ «հանգիստ նստեն տեղները», ինքը բոլորի վրա կոմպրոմատ ունի, և եթե իրեն պետք լինի չհերքել այդ ահազանգերը, ապա չի հերքի, եթե պետք լինի հերքել՝ կհերքի, որի գինը կլինի այն, որ այդ չհերքված ահազանգերով պաշտոնյաները պետք է ամբողջ հոգով ու սրտով հավատարիմ ծառայեն իրեն և միայն իրեն, այլ ոչ երբեք պետությանն ու հանրության շահին։

bottom of page