top of page

Ալեն Սիմոնյանի մայրիկն այլևս «պադավատ» չի ունենա․ ԱԺ հաշվեկշռից կկրճատվի միանգամից 12 ավտոմեքենա

Ալեն Սիմոնյանն այսօր իր տելեգրամյան ալիքում հանրությանը ավետեց, որ Ազգային ժողովը ևս դեմ է գնում «պադավատապետությանը»՝ կրճատելով ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ծառայողական մեքենաները։ Այդ ամենի մասին, իհարկե, Ալեն Սիմոնյանը հայտնել է իրեն հատուկ «ընդդիմադիր» խայթոցներով, թե՝ «նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, ովքեր մեզ մեղադրում են պադավատապետության, անիմաստ շախսերի և շռայլության մեջ»։

Ապա նշել է, որ Ազգային ժողովը 2018 թվականի սկզբին ունեցել է 81 տրանսպորտային միջոց, որոնք այս վեց տարվա ընթացքում հետզհետե կրճատվել են՝ 2024 թվականի դրությամբ կազմելով ընդհանուր 39 ավտոմեքենա։

Իսկ արդեն 2024 թվականին, ըստ Ալեն Սիմոնյանի, ԱԺ-ում մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթաց և որ 2025 թվականի սկզբին ԱԺ-ն կունենա ընդամենը 30 ավտոմեքենա։

Բայց սա Ալեն Սիմոնյանի ցանկությամբ և որոշմամբ չէ, որ տեղի է ունենում, այսինքն՝ Ալեն Սիմոնյանը թող դա որպես լավություն և իր կողմից, իբր, պետբյուջեի միջոցների տնտեսման փաստ չներկայացնի, քանզի ԱԺ աշխատակազմը բնավ էլ մտադրություն չուներ իր ավտոպարկը կրճատելու։ Սիմոնյանն ու իր աշխատակազմը դա «որոշեցին» այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ ինքը վերցրել է պետական ապարատին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների ցուցակն ու դրանց մի մասի վրա խազեր քաշել՝ ուղարկելով այդ մեքենաները կրճատման։ 

Դրանից հետո MediaHub-ը, գրեց որ Նիկոլ Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից», քանի որ մեզ տեղեկացրել էին, որ Փաշինյանը խազեր է քաշել նաև ԱԺ հաշվեկշռում գտնվող մի շարք մեքենաների վրա։

Եւ ահա, այսօր Ալեն Սիմոնյանն ինքն իր գրառմամբ հաստատեց մեր տեղեկությունը, որ իրենք կրճատում են ԱԺ ավտոպարկի մեքենաները։ Պարզապես Ազգային ժողովի «ամենաազնիվ» նախագահը չի խոստովանել, որ ինքն այդ մեքենաները կրճատում է բացառապես Նիկոլ Փաշինյանի պահանջով, ոչ թե իր ցանկությամբ, քանզի հազիվ թե Ալեն Սիմոնյանը ցանկանար իր ընտանիքի անդամներին, մասնավորապես՝ մայրիկին և երեխաներին զրկել պետության հաշվին դպրոց, մանկապարտեզ և շոփինգի գնալու հաճույքից։ Հավատացեք, Ալեն Սիմոնյանն այդ աստիճանի ազնիվ դժվար թե գտնվեր։

Իսկ մենք գրել էինք, որ կրճատման տակ են հայտնվելու հանձնաժողովների նախագահներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին, խմբակցությունների ղեկավարներին, ինչպես նաև ԱԺ նախագահի ընտանիքին սպասարկող ծառայողական մեքենաները։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց, որ կրճատման տակ հայտնված այդ 12 մեքենաներից մեկն Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող 110 HH 01 պետհամարանիշով Toyota Prado ամենագնացն է, որն ամեն օր մեր աչքի առաջ է, և հիմնականում հենց Սիմոնյանի մայրիկին է սպասարկում, նաև՝ երեխաներին դպրոց ու մանկապարտեզ տանում։ Մյուս մեքենաների մասով էլ ասաց, որ հանձնաժողովների մեքենաները կիսով չափ են կրճատվելու, այսինքն՝ ամեն երկու հանձնաժողովին մի մեքենա է այսուհետ սպասարկելու, նաև ԱԺ աշխատակազմին սպասարկող մեքենաներից են կրճատվելու, բայց դժվարացավ ասել՝ անձամբ աշխատակազմի ղեկավարին սպասարկող մեքենան կկրճատվի՞, թե՞ ոչ։

bottom of page