«Օրինապահներ չեք, այլ սուտը պաշտպանողներ, մեկ հոգու քմահաճույքները կատարողներ»․ Ոստիկանները Օպերային թատրոնի հարակից տարածքը փակ են պահելու՝ մինչև 22։00-ն
Երևանի Օպերային թատրոնին հարակից տարածքը ոստիկանները փակ են պահում՝ թույլ չտալով, որ բողոքի ակցիայի մասնակիցները գնան Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ Բագրատ Սրբազանն ամփոփիչ խոսքով պետք է հանդես գա։
Ոստիկանները նախապես հաայտարարել էին, որ տարածքը փակ են պահելու մինչև ժամը 20:00-ն, քանի որ այդ ժամանակ է ավարտվելու միջազգային համաժողովը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը դուրս եկավ միջոցառումից, նրա ավտոշարասյունը քաղաքացիները ճանապարհեցին «Ամոթ, ամոթ» վանկարկումներով, որից հետո ոստիկանները մոտեցան Բագրատ Սրբազանին ու բողոքի ակցիայի մասնակիցներին՝ տեղեկացնելով, որ տարածքը փակ են պահելու մինչև ժամը 22:00-ն, Օպերային թատրոնում ընթացող միջոցառումը, նրանց խոսքով, պիտի մինչև այդ ժամը տևի, «հարգելի պատճառներով» երակարացրել են։
Բագրատ Սրբազանը հանդիմանեց ոստիկաններին՝ նշելով՝ ոչ թե օրինապահներ եք, այլ ստի պաշտպաններ, ընդհուպ Ներքին գործերի նախարարի մակարդակով՝ հաճույք եք ստանում մեկ հոգու քմահաճույքները կատարելուց։
Այժմ ոստիկանները շարունակում են փակ պահել Օպերային թատրոնին հարող ամբողջ տարածքը, արգելում են բողոքի ակցիայի մասնակիցների շարժը։