Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ կոպիտ պատասխան տալով ԶԼՄ-ին
Panorama.am-ը գրում է՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։ Կայքը նշում է, որ ծախսված գումարների ու դրանց աղբյուրների մասին հարցերին «Իմ քայլը» հիմնադրամից կոպիտ պատասխան են տվել։
Նույնիսկ շատ մոտավոր հաշվարկներով հարկատուների հաշվին Փաշինյանի կնոջ՝ շուրջ մեկ շաբաթ տևած այցը և վայելքները մի քանի միլիոն դրամ են արժեցել: Ըստ հրապարակված տեսանյութերի, Աննա Հակոբյանին ուղեկցել է անվտանգության առնվազն երեք աշխատակից, նրա հետ են եղել նաև անձնական վարսավիրն ու դուստրը:
Նոյեմբերի 26-ին կայքն էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում է ուղղել կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։«1.Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ մեկնել է Սուրբ Աթոռ։ Վարչապետի՝ Հայաստան վերադարձից հետո Աննա Հակոբյանը ևս մի քանի օր մնաց Իտալիայում։ Այս ընթացքում անվտանգության քանի՞ աշխատակից է ուղեկցել ՀՀ վարչապետի տիկնոջն ու դստերը։2. Որքա՞ն գումար է ծախսվել վարչապետի տիկնոջ Իտալիա կատարած այցի համար։ Խնդրում եմ տրամադրել ծախսերի բացվածքը՝ այդ թվում վերադարձի ժամանակ ինքնաթիռի տոմսերի համար վճարված գումարը, հյուրանոցում կեցության գումարը, թանգարանների տոմսերի գումարը և այլն։3. Ի՞նչ աղբյուրներից են կատարվել ծախսերը, խնդրում եմ առանձին նշել, թե որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից։4. Վարչապետի տիկնոջ Իտալիա այցն ի՞նչ էական, շոշափելի արդյունքներ է ապահովել Հայաստանի համար»։
Այնուհետև հարցումը կառավարությունից ստացած պատասխանի հետ նոյեմբերի 26-ին էլեկտրոնային փոստի միջոցով վերահասցեագրել է «Իմ քայլը» հիմնադրամին։