Եթե նախկին նախագահներն իրենց վրա վստահ են, ինչո՞ւ են խուսափում բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ․ Կոնջորյան
Եթե նախկին նախագահներն իրենց վրա վստահ են, ինչու՞ են խուսափում բանավիճել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Անդադար ասում են, թե իրենք անպարտելի բանակցողներ են եղել, բա եկեք ուղիղ եթերով ապացուցեք, թե որքան անպարտելի են ձեր փաստարկները:
Ինչու՞ չեք ուզում ժողովուրդը տեսնի ձեր անպարտելիությունը ուղիղ եթերով»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից, արձագանքելով Փաշինյանի հրավիրած բանավեճին, հայտարարել են, որ «Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը»։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ արձագանքել է, որ բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։
«2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի։
Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»,- գրված է հայտարարության մեջ:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ գրել էր․ «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:
Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:
Արդյունքը կրկին նույնն է լինելու»,- գրել է նա:
Նախկին նախագահների արձագանքներից հետո, Նիկոլ Փաշինյանը նորից տեսաուղերձով դիմել էր նախկին նախագահներին․ «Բանավեճը, որ առաջարկել եմ նախկին նախագահներին, կարևոր նշանակություն պիտի ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական, աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել: Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին, որովհետև եզրակացությունն ի վերջո տեղի է ունենալու: Ես չեմ կարող թույլ տալ, որ այս խոսակցությունը, որը շարունակվում է 4+2 տարի, կիսատ մնա»,- ասել էր նա։