top of page

Նավթի արտահոսքից հետո Անապայում փրկվել է մոտ 1,500 թռչուն

Երկու տանկերի վթարի հետևանքով նավթի արտահոսքից հետո Անապայում փրկվել է մոտ 1,500 թռչուն, որոնցից մոտ 1,300-ը տեղափոխվել է Ստավրոպոլի երկրամաս, Կրասնոդար և Կուբանի Տեմրյուկի շրջան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։

Անապայից և Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի ափին Կերչի նեղուցի տարածքում երկու տանկերի վթարից հետո գրանցվել են մազութի արտանետումներ, ինչից հետո առաջացել է ջրային տարածքի աղտոտում։ Տեխնածին աղետի գոտում բացվել են թռչնափրկարարական կենտրոններ, որտեղ օգնություն են ստանում նավթի արտահոսքից տուժած թռչունները։ Նրանք հետո տեղափոխվում են վերականգնողական կենտրոններ ու կենդանաբանական այգիներ։

«Թռչուններին ընդունում են Ստավրոպոլի երկրամասի «Պելիկան» կենտրոնը, Կրասնոդարի սաֆարի զբոսայգին և Տեմրյուկի շրջանի «Լուկոմորիե» կենդանաբանական այգին»,-ասված է Կուբանի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։

Թռչունների փրկարարական կետերից մեկը տեղակայվել է Անապայի Ուսատովա Բալկա ֆերմայում գտնվող ջայլամների «Արիստեյ» ֆերմայում: Այստեղ կամավորները տեսակավորման կենտրոնում խնամում են տուժած թռչուններին, մաքրում մազութից և տալիս անհրաժեշտ սնունդ։ Թռչունները տեղադրվում են տաք խցիկի մեջ, իսկ որոշ ժամանակ անց ուղարկվում վերականգնողական կենտրոններ։

Կամավորները ժամանել են Մոսկվայից, Վոլգոգրադից, Նիժնի Նովգորոդից, Կալինինգրադից, Սոչիից և այլ քաղաքներից։

1/2290
bottom of page